Ռուսաստանը ԱՄՆ-ին բողոքի նոտա է փոխանցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարարության շենքը, արխիվ, Մոսկվա, 5 մայիսի, 2016թ.

Վաշինգթոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության համալիրում զննում անցկացնելու ամերիկացի իրավապահների պահանջի կապակցությամբ այսօր Մոսկվայում բողոքի նոտա են հանձնել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության խոհրդատու-դեսպանորդ Էնթոնի Գոդրֆիին:

Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության լրատվության վարչությունը:

Մոսկվան հայտարարել է, որ առևտրային ներկայացուցչությունը համարվում է Ռուսաստանի պետական սեփականություն և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:

«Առանց Ռուսաստանի պաշտոնատար անձանց ներկայության ապօրինի զննում անցկացնելու պահանջը, այդ թվում մուտքի դուռը կոտրելու սպառնալիքը, դիտում ենք որպես ագրեսիվ ակցիա, որի նպատակը կարող է լինել հակառուսական սադրազնք կազմակերպելու ամերիկյան հատուկ ծառայությունների մտադրությունը»,- ասվում է արտգործնախարարության հայտարարության տեքստում:

Ռուսական կողմի պնդմամբ, դա կհամարվի միջազգային նորմերի խախտում, որին անպայման կտրվի համարժեք պատասխան:

Օգոստոսի 31-ին Վաշինգթոնը պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը և դադարեցնել Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության ու Նյու Յորքում դրա մասնաճյուղի գործունեությունը: