Բեռլինը կարող է վերանայել հարաբերություններն Անկարայի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ, Քյոլն, 22 օգոստոսի, 2017թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ «Բեռլինը կարող է վերանայել հարաբերությունները Անկարայի հետ» և Եվրոպական միությանը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցություններն այն բանից հետո, երբ թուրքերը ձերբակալել են ևս երկու գերմանացի քաղաքացիների:

Ընդհանուր առմամբ այսօր Թուրքիայում կալանքի տակ է Գերմանիայի 12 քաղաքացի: Նրանց ներկայացված մեղադրանքները Բեռլինը քաղաքական է համարում:

Այդ մարդկանց թվում է Die Welt օրաթերթի թղթակից Դենիս Յուչելը, որին ձերբակալել են 200 օր առաջ:

Թուրքիայում վերջին ժամանակաշրջանում ձերբակալել եմ Եվրամիության մեծ թվով քաղաքացիների, ովքեր մեղադրվում են անցյալ տարվա ձախողված հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեջ:

Նշելով այդ իրողությունը, կանցլեր Մերկելը Նյուրնբերգում գումարված գործարարների համաժողովում ասել է, որ այդ պայմաններում նպատակահարմար չէ Անկարայի քննարկել Թուրքիայի մասնակցությունը Եվրամիության մաքսային պայմանագրին:

Մերկելի պնդմամբ, Գերմանիայի 12 քաղաքացիների ձերբակալությունը որևէ իրավական հիմք չունի և պատճառաբանվում է բացառապես քաղաքական հանգամանքներով:

Նա ասել է, որ եթե այդ քաղաքացիներին առաջիկայում ազատ չարձակեն՝ Բեռլինը կվերանայի առանց այդ էլ սրված հարաբերությունները Անկարայի հետ: