Ժան-Իվ Լե Դրիան. «Մի քանի ամսից այդ հրթիռի վտանգն իրական կդառնա»

Հյուսիսկորեացիները մեծ վահանակի վրա դիտում են Hwasong հրթիռի արձակումը, 30 օգոստոսի, 2017թ.

Ֆրանսիան նախազգուշացնում է, որ Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ստեղծել հեռահար միջմայրացամաքային հրթիռներ, ինչն ամբողջությամբ կփոխի միջազգային կացությունը, քանի որ Փհենյանը տեսականորեն կկարողանա ատոմային մարտագլխիկ հասցնել ոչ միայն Հարավային Կորեա, Ճապոնիա, կամ ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզի, այլև Հյուսիսային Ամերիկա և Արևմտյան Եվրոպա:

Այս մասին ահազանգել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, ով դեռ ամիսներ առաջ զբաղեցրնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը:

«Ամիսներ անց այդ հրթիռն իրականություն կդառնա: Այս պահին Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք, կարող է հարվածել Միացյալ Նահանգներին, Եվրոպային, վստահ կարող է հարվածել Ճապոնիային և Հարավային Կորեային, բայց երբ ունենա հեռահար միջմայրացամաքային հրքիռ՝ կացությունը պայթյունավտանգ կդառնա», - ասել է նախարարը և ավելացրել. - «Սա չի կարելի հանդուրժել: Կան պատժամիջոցներ սահմանելու մասին ՄԱԿ-ի բանաձևերը, որոնց օգտին Ֆրանսիան էլ է քվեարկել: Հյուսիսային Կորեան պարտավոր է բանակցել»:

Լե Դրիանը երեկ հեռախոսով հարցը քննարկել է իր չինացի պաշտոնակից Վանգ Յիի հետ և պնդել, որ Պեկինը պետք է ավելի ակտիվ դեր կատարի Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու և ճգնաժամը կանխելու հարցում:

Այսօր հյուսիսկորեական թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաջորդ շաբաթվա ընթացքում նա Չինաստանում մանակցելու է ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գագաթնաժողովին, որին ընդառաջ հեղինակել է աշխարհի հրատապ խնդիրներին նվիրված հոդված:

Այն տեղադրված է Կրեմլի կայքում: Պուտինը գրում է, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների առճակատումը հասել է վտանգավոր սահմանի, որից այն կողմ հնարավոր է լայնածավալ բախում:

Պուտինի համոզմամբ՝ հրթիռային ծրագրի հարցում Փհենյանի վրա ճնշում բանեցնելը սխալ քաղաքականություն է:

«Անհրաժեշտ է ուղիղ երկխոսությամբ կարգավորել ճգնաժամը և նախապայմաններ չներկայացնել: Սադրանքները, ճնշումը, ռազմատենչ հռետորաբանությունը ոչ մի տեղ չեն տանի», - գրել է Պուտինը:

Զսպվածության կոչով է հանդես գալիս նաև պաշտոնական Պեկինը:

Իսկ հյուսիսկորեացիների հավանական թիրախ համարվող Ճապնիայում այսօր քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են: Տագնապի ազդանշանը հնչել է տասնյակ քաղաքներում: Ամենամյա վարժանքի նպատակն է մարդկանց փրկել բնական աղետների դեպքում, սակայն այս տարի մարդիկ այն ըմբռնում են նախևառաջ Փհենյանից բխող վտանգի համատեքստում:

Վարչապետ Շինձո Աբեն անձամբ մասնակցել է Օդավարա ավանի վարժանքին:

«Նույնիսկ մեկ լրացուցիչ կյանք փրկելու համար մենք պետք է սովորեցնենք մեր բնակիչներին ճիշտ գործել աղետի պայմաններում, փրկվել, փրկել ուրիշներին և օգնել հանրությանն ու համագործակցել», - ասել է վարչապետը:

Մինչդեռ, Հյուսիսային Կորեայում թողարկել են նամականիշ, որը նվիրված է հուլիսի 12-ին Hwasong-14 տեսակի միջմայրացամաքային հրթիռի փորձարկմանը: Նամականիշին պատկերված են հրթիռի արձակումը, առաջնորդ Կիմ Չեն Ինը և նրա կողքին կանգնած հպարտ զինվորականներն ու ինժեներները: