«Նաիրիտում» բռնկված հրդեհի դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները:

«Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել է հրդեհ, որի հետևանքով այրվել է ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում պահեստավորված քիմիական՝ լաք-էթինոլ դյուրավառ նյութը, մասամբ փլուզվել բետոնե տարողությունների տանիքները, դեֆորմացվել տանիքի մետաղական ճաղավանդակները, այրվել հարակից տարածքի չոր բուսածածկույթը», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի [դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ] հատկանշներով, մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ «Նաիրիտում» բռնկված հրդեհի պատճառը կարող է լինել մարդկային գործոնը: