ՏԿՏՏ նախարարության շենքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Հանրապետության հրապարակում գտնվող տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբի առկայության մասին այսօր առավոտյան 10:26-ին ստացված տեղեկությունը կեղծ էր։

Հինգ հարկանի շենքը մոտ մեկուկես ժամ զննում էին սակրավորներն ու կինոլոգները, որից հետո Երևանի փրկարար վարչության պետի տեղեկալ Արմեն Բադալյանը հայտարարեց․ - «Բոլոր հարկերը ստուգված են, նորմալ կարող են աշխատել մարդիկ՝ վերադառնալ աշխատանքի: Կեղծ, չար կատակ էր»:

Դեպքի վայրում աշխատում էր մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում: Ու թեև փրկարարները ժապավենով սահմանազատել էին տարածքը, սակայն շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա քաղաքացիները խմբերով հետևում էին ընթացքին, իսկ նախարարության մի քանի աշխատակից էլ պարզապես հենվել էին շենքին՝ վստահ լինելով, որ ահազանգը կեղծ է։

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Ի դեպ, կառավարական այդ շենքը առաջիկայում կհանվի աճուրդի։ Պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում ընդգրկված շենքը Կառավարությունը գնահատել է ավելի քան 13 միլիարդ դրամ՝ մոտ 28 միլիոն դոլար։