Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իսկական սկանդալ է որակել իր թիկնազորի անդամներին մեղադրանք առաջադրելու՝ Վաշինգտոնի դատարանի որոշումը։
«Սա բացահայտ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արդարադատության համակարգն Ամերիկայում», - ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, - «Եթե Միացյալ Նահանգները չի կատարում ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները՝ հյուրերին պաշտպանելու վերաբերյալ, չի նշանակում, որ իմ թիկնապահները ևս չպետք է կատարեն իրենց պարտականությունները»:
Մայիսին Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա, և դաժան ծեծի ենթարկել նրանց:
Օրեր առաջ Վաշինգտոնի դատարանը մեղադրանք էր առաջադրել 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների:
«Ինձ համար դժվար է հասկանալ՝ ինչ է ուզում Ամերիկան», - ի պատասխան՝ հայտարարել է Էրդողանը՝ պնդելով, թե իր այցի դեմ բողոքող ցուցարարները եղել են ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ: