Հոգևոր առաջնորդների հանդիպումը «կարևոր է խաղաղ կարգավորման ոգու ձևավորման առումով»

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն (ձ) և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում: 28-ը նոյեմբերի, 2011 թ․

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները մի քանի օրից հանդիպելու են Մոսկվայում՝ միասին խաղաղության կոչ անելու։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ այս պահին կողմերը համատեղ հայտարարության տեքստն են ավարտում, որը կհրապարակվի հանդիպման օրը՝ սեպտեմբերի 8-ին. - «Նպատակը նորից նույնն է՝ երկու ժողովուրդների միջև խաղաղության և համերաշխության հաստատումը: Այդ ամենից ավելի հոգևոր առաջնորդների հանդիպումները կարևոր մեկ այլ նպատակ են հետապնդում՝ մթնոլորտ ձևավորել, որտեղ կարող է տեղի ունենալ երկխոսություն, որտեղ կարող են համերաշխության և խաղաղության փնտրտուքի ոգով առաջնորդված թե՛ ղեկավարները պետությունների և թե՛ ժողովուրդը երկխոսել երբեմն շատ զգայուն և ցավոտ խնդիրների շուրջ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի խոսքով՝ սեպտեմբերի 8-ի հանդիպումը դեռ հաստատ չէ․ կկայանա այն, թե ոչ՝ կախված է նախապատրաստական աշխատանքներից․ - «Նախնական պայմանավորվածությունը սեպտեբեր 8-ի համար է: Սակայն աշխատանքներ են տարվում: Այնտեղ օրակարգ կա տարբեր հարցերի, և առաջիկա օրերին, երբ այդ օրակարգի շուրջ ձեռք կբերվեն բոլոր համաձայնությունները, այդ ժամանակ նոր հնարավոր կլինի վերջնականապես հաստատել հանդիպման օրը»:

Տեր Վահրամ Մելիքյանը տեղեկացրեց, որ այս հանդիպումը բավականին երկար ժամանակ է ծրագրվել։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նախկինում արդեն 7 անգամ հանդիպել են: Ինչպես նախկինում, այս անգամ էլ հանդիպումը կայանում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։

«2011 թվականից հետո առաջին հանդիպումն է: Երկար ժամանակամիջոց անցավ: Այսօր, առավել ևս ապրիլյան պատերազմից հետո, կարծում եմ, հանդիպումը կարևոր է», - ասաց Մելիքյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձրացնի բնակավայրերի վրա կրակելու անթույլատրելիության հարցը, նա արձագանքեց, որ օրակարգի մանրամասներ չի կարող հրապարակել, բայց շեշտեց, որ նախկին հանդիպումներից հետո հենց հոգևոր առաջնորդների կոչով ռազմագերիների և դիերի փոխանակումներ են եղել․ - «Թվում է, թե հոգևոր առաջնորդների նման հանդիպումները շոշափելի, առարկայական մեծ պտուղներ չեն տալիս, սակայն այդ մթնոլորտի ձևավորումը շատ ավելի կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման ոգու ձևավորման առումով»: