Կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի սեպտեմբերի 6-ից:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով:
Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:
«Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար», - ասված է հաղորդագրությունում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե այս տարվա ընթացքում քանի երկրի հետ է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանվել, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է: