Մեկ շաբաթ առաջ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը պաշտոնը լքելուց առաջ հակամարտության կարգավորման վեց տարրեր հրապարակեց, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար։ Կետերից մեկով Հոգլանդը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Նալբանդյանը տարրերի հրապարկման հաջորդ օրը հայտարարեց, որ դրանց մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա, և Հոգլանդը նոր բան չի ասել։
Այսօր նա հայտարարեց, որ Հոգլանդի ասածը ընդանուր առմամբ նորություն չէ, իսկ թե որ տարածքները վերադարձնելու մասին է Հոգլանդը խոսել, Նալբանդյանը այդպես էլ չհստակեցրեց․ - «Դա պարոն Հոգլանդի կողմից ասվել է․․․ գնալուց առաջ իրենցի ինտերվյու են վերցրել, և ինքը ինչ-որ տարրեր է ասել: Միգուցե դա ոչ ամբողջովին է համապատասխանում նրան, ինչ որ եռանախագահներն են ասել»:
Այսօր Բոսնիա և Հերցոգովինայի արտգործնախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նաև չպատասխանեց հարցին, թե արդյոք հայկական կողմի համար ընդունելի կլինեն Հոգլանդի հայտարարած 6 սկզբունքներով բանակցությունները՝ եթե դրանք վերսկսվեն։
Նալբանդյանի խոսքով՝ պետք է ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին ուշադրություն դարձնել։
Հոգլանդի հայտարարությանը արձագանքել էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ասելով, որ եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն և ընդունելի են, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ։
Հայաստանի արտգործնախարարն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքին․ - «Եթե Ադրբեջանը իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է այդ առաջարկների հիման վրա կարգավորմանը, պետք է հաստատի, նաև գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից: Բազմիցս է ասվել, երեք սկզբունքների մասին է խոսքը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»:
Նալբանդյանը շեշտեց, որ առարկայական բանակցություններ մինչև այս էլ եղել են, Հայաստանը ըստ նրա համամիտ է համանախագահների հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և շարունակում է խախտել 94-95 թվականների զինադադարի համաձայնագիրը։ Չի ներդնում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմները․ - «Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»:
Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահող երկրների հետ ջանքեր գործադրել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ադրբեջանը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, կարող է միանալ գործընթացին․ - «Ադրբեջանը պետք է նախ և առաջ վերահաստատի իր հավատարմությունը այն երեք սկզբունքներին, որոնք եռանախագահներն են առաջարկում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»: