Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Մեհման Ալիևի կալանքի որոշումը

Ադրբեջանի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Թուրան» անկախ գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կալանքի մասին որոշումը: Ալիևին ճաղերի ետևում պահելու որոշումը դատարանը կայացրեց արևմտյան մի շարք երկրների, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նրան անհապաղ ազատ արձակելու կոչերի ֆոնին:

Օգոստոսի 24-ին ձերբակալված և հաջորդ օրը երեք ամսով կալանավորված «Թուրան» գործակալության տնօրենը մեղադրվում է հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ գործակալությունը 2014-16 թվականների ընթացքում խուսափել է 37 հազար մանաթի հարկային պարտավորություններից, ինչը հավասար է մոտ 22 հազար ամերիկյան դոլարի:

Ադրբեջանում գործող հատուկենտ անկախ լրատվամիջոցներից մեկը համարվող «Թուրանի» նկատմամբ քրեական հետապնդումները իրավապաշտպան կազմակերպությունները որակում են ազատ խոսքը ճնշելու՝ Ալիևի վարչակազմի հերթական փորձ:

«Թուրանի» անձնակազմը՝ այդ թվում Մեհման Ալիևը, պնդում են, որ մեղադրանքները շինծու են՝ դրանք համարելով «Ադրբեջանում ազատ մամուլի դեմ ընդհանուր արշավի մաս»։

Շուրջ երեք տասնամյակ «Թուրան» գործակալությունը տարբեր լեզուներով պատմել է Ադրբեջանի ներքին խնդիրների մասին: Հատկապես վերջին տարիներին՝ Ադրբեջանում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումների ֆոնին, «Թուրանը» այդ երկրի մասին այլընտրանքային տեղեկատվության եզակի աղբյուր էր:

Լրատվամիջոցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ալիևին ազատ արձակելու կոչեր են հնչեցնում տասնյակ արևմտյան պետություններ և միջազգային կազմակերպություններ՝ Միացյալ Նահանգներից մինչև Նորվեգիա: Դատապարտող այդ հայտարարություններին են միացել ամերիկացի հանրապետական ազդեցիկ սենատոր Մարկո Ռուբիոն, Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպանը, ադրբեջանցի տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ:

Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են մասնավորապես եվրոպական կառույցներին: Հատուկ տարածած հայտարարությամբ նրանք նշում են՝ եթե ժամանակին իրենց անհիմն բանտ նետողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին, այսօր հերթը Թուրանին չէր հասնի:

Մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում 162-րդ հորիզոնականը զբաղեցնող Ադրբեջանում, ըստ իրավապաշտպանների, քաղբանտարկյալների թիվը վերջին տարիներին միայն ավելանում է: 2014 թվականին ստեղծված Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով աշխատանքային խմբի տվյալներով այսօր այդ երկրում 160 քաղբանտարկյալ կա, որոնցից 158-ի դեպքում, դատական փաստաթղթերի համաձայն, կալանքը հիմնավորված է քաղաքական դրդապատճառներով: 158 քաղբանտարկյալների թվում, ըստ նույն աղբյուրի, տասնյակ լրագրողներ և ընդդիմադիր գործիչներ կան: