Հանրային պաշտպանները «շարունակելու են իրականացնել օրենքի պահանջը»

Օրենքի հակասությունը փաստաբանները համար ակնհայտ դարձավ ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և Երևանում ոստիկանական գունդը գրաված «Սասնա ծռերի» գործերով դատավարությունների ընթացքում։

Հիշեցնենք, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառաբանությամբ դահլիճից հեռացվեցին գրեթե բոլոր ամբաստանյալները, որոնք, հեռացվելուց հետո իրենց պաշտպաններին ցուցում էին տվել առանց իրենց մասնակցության նիստերին ներկա չգտնվել։ Պաշտպանների հեռանալուց հետո թե՛ Սեֆիլյանի, և թե՛ «Սասնա ծռերի» գործերով դատավորները որոշումներ կայացրեցին և ամբաստանյալների կամքին հակառակ հանրային պաշտպաններ ներգրավեցին։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը վկայակոչում է օրենքը՝ ըստ որի, միայն ամբաստանյալի ցանկությամբ է նշանակվում պաշտպանը։ Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Առուստամյանը, օրենքի մեկ այլ դրույթ այլ բան է ասում․ - «Եթե ամբաստանյալը հեռացվում է դատարանի դահլիճից, ապա դատարանը չի ընդունում պաշտպանից նրա հրաժարումը, քանի որ այդ պահին ունենում է պաշտպան: Եվ եթե չունի, ապա նշանակում է հանրային պաշտպան: Եվ այս նորմի ուժով հանրային պաշտպանը պետք է ստանձնի և իրականացնի ամբաստանյալի պաշտպանությունը: Իհարկե այս երկու նորմերի միջև խնդիր կա»:

Առուսատմյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» գործով նախորդ նիստին հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի կասեցվի քրեական գործի վարույթը մինչև Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի։

Իսկ քանի դեռ որոշում չկա, իրավաբանն ասում է, որ հանրային պաշտպանները շարունակելու են մնալ դատարանում ու, անգամ ամբաստանյալների կամքին հակառակ, ակտիվորեն պաշտպանել նրանց շահերը։

Առուստամյանը արդարացված է համարում նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով ներգրավված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի գործելաոճը, ով Սեֆիլյանի կամքն հակառակ նախորդ շաբաթ իր ներկայությամբ ապահովեց դատավարության ընթացքը․ - «Մարինե Թովմասյանը մնացել է, մնալու է դատարանում: Բոլոր հանրային պաշտպաններն էլ մնալու են դատարանում, և իրականացնելու են պաշտպանություն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն ետ վերադարձրել, և քանի դեռ նրանց պաշտպանները չեն եկել»:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ թե՛ դատավորը, թե՛ հանրային պաշտպանները ամբաստանյալների իրավունքների պաշտպանությանը վերաբերում են որպես ձևական գործընթացի։ Փաստաբանը նշում է, թե Քրեական դատավարության օրենսգիրքն այսօր դեգրադացիայի է ենթարկվում, քանի որ ոտնահարվում են բոլոր իրավունքները․ - «Եթե ցանկություն չի հայտնել ամբաստանյալը, որպեսզի նա պաշտպանություն ստանձնի, եթե նա հանդիպել հետը, չի քննարկել պաշտպանական ռազմավարությունը, մարտավարությունը, սա չի կարող պաշտպանություն լինել: Դատարանը, դատախազությունը և հանրային պաշտպանի գրասենյակը հանցավոր եռյակ միավորեցին և դատական նիստը արեցին: Սա խայտառակություն էր»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ Սեֆիլյանի կամքին հակառակ հանրային պաշտպանի դատարանում մնալը պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է։ Նրա հիշեցնում է, որ իրավունքը գերակա է օրենքին, իսկ այն ինչ կատավում է այսօր դատարանում, ուղղակի ապօրինություն է․ - «Սա ուղղակի ծաղր է դատական համակարգի նկատմամբ՝ այն, ինչ մենք տեսնում ենք դատարանում: Դատավորը ընդհանրապես չի տիրապետում ո՛չ դատավարական օրենսգրքին, ո՛չ դահլիճում իրավիճակին: Եվ այդ ապօրինի քայլերը առանց բացատրելու, առանց ներկայացնելու, շարունակում է անել»:

Իրավապաշտպանը վստահ է, որ ամբաստանյաների ընտրած պաշտպաններին հատուկ են հեռացնում դատական գործընթացից։ Իսկ հանրային պաշտպանի ներգրավումը արդարադատության շահով պատճառաբանելը Ալեքսանյանը ծիծաղելի է որակում․ - «Բնական է, որ արդարադատության շահը գոյություն չունի, և որևէ մեկը արդարադատության շահի մասին Հայաստանում, մասնավորապես այս դատական գործընթացում, չի մտածում»:

Հարցին, թե ամբաստանյալի կամքին հակառակ հանրային պաշտպանի դատարանում մնալուց արդյոք չի տուժում գործը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն արձագանքեց․ - «Թող գան իրենց պաշտպաններն ու ստանձնեն իրենց պարտականությունները, իսկ եթե կան խոչընդոտներ, ապա թող բողոքարկեն։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ հանրային պաշտպանները ավելի վատ կարող են պաշտպանել, քան իրենց ընտրած դատապաշտպանները»: