Երևանի Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, մյուս անվանափոխումների հետ կապված «Ելք»-ի առաջարկությունը կքննարկվի և առաջիկայում համապատասխան որոշում կկայացվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ընդամենը երկու օր առաջ է «Ելք» խմբակցությունն իր առաջարկը ներկայացրել, դա քննարկման հարց է, և պետք է նաև հանրային կարծիք լինի, պետք է նաև գիտական կարծիքներ լինեն, որովհետև այդ առաջարկների մեջ որոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով, որ նախկինում այդ փողոցներն անվանակոչվել են և հետո նորից վերանվանվել են նույն անուններով։ Դրա համար պետք է հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք լինի և մասնագետների հիմնավորում լինի։ Դրանից հետո արդեն Հանրապետական խմբակցությունն իր կարծիքը կհայտնի», - ասաց քաղաքապետը՝ ընդգծելով. - «Մենք մեր պատմությունից պետք է չհրաժարվենք, բայց այն անունները, որ նշում է «Ելք» խմբակցությունը, բնականաբար, մենք կողմնակից ենք մեր ազգային հերոսներով փողոցներ անվանակոչել, բայց օրենսդրոթյունը պետք է ուսումնասիրենք՝ որ փողոցները կարող ենք անվանակոչել և երբ կարող ենք անվանակոչել, և նաև պետք է անպայման լինի երևանցիների կարծիքը»։
«Ազատության» հարցին, թե Ֆրունզե կամ Լենինգրադյան փողոցներն ի՞նչ առնչություն ունեն հայոց պատմության հետ, Մարգարյանը պատասխանեց. - «Նույն Լենինգրադյան փողոցը. այսօր մենք Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցում ենք՝ քույր քաղաքներ ենք, և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել», - ասաց քաղաքապետը՝ շարունակելով. - «Թե՛ բնակիչներն են սովորել, թե՛ մենք հարմար չենք գտնում այդ փողոցը վերանվանել»։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այս երկուշաբթի ավագանու քննարկմանը ներկայացրեց մայրաքաղաքի հինգ փողոցներ անվանափոխելու և մեկ փողոց անվանակոչելու նախագծերի փաթեթ: Մասնավորապես, առաջարկվում է անվանափոխել բոլշևիկյան գործիչների անունները կրող փողոցները՝ «Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով»: Բացի այդ առաջարկվում է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։
Արձագանքելով քաղաքապետ Մարգարյանին՝ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակայանն այսօր «Ազատությանն» ասաց, որ Լենինգրադյանի անվանափոխության պարագայում առկա են մի քանի հազար ստորագրություններ, որոնց համաձայն տեղի բնակիչները պահանջում են փողոցը կոչել ղարաբաղյան շարժման հայտնի գործիչ Լեոնիդ Ազգալդյանի անունով:
«Այն, որ այսօր կա Լենինգրադյան փողոց և չկա, ըստ էության, Լենինգրադ քաղաքը։ Լենինի անունով հուշերից և հուշարձաններից ազատվում են Ռուսաստանում և հետխորհրդային այլ երկրներում, կարծում եմ, որ մենք էլ պետք է այդ վերանայումը անենք, և եթե խնդիրը հենց քաղաքի մասով է, ապա թող առաջարկեն անվանակոչել Սանկտ Պետերբուրգի անունով։ Մենք պնդում ենք, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելը լավագույն տարբերակը կլինի», - ասաց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։
Խաժակյանի խոսքով՝ իրենց առաջարկած նախագծերը շրջանառության մեջ են և քաղաքապետը չորս ամիս ժամանակ ունի՝ ավագանու օրակարգում այն ընդգրկելու համար:
«Իհարկե կան մարդիկ, ովքեր համարում են, որ «ինչ տարբերություն, թող մնա Կասյանի, Միկոյանի անվան փողոցներ», դե դա նույն է ինչ-որ ասես՝ «ինչ տարբերություն, Հանրապետության հրապարակը, թող անվանակոչված լիներ Լենինի անվամբ»։ Այդ դիրքորոշումը մեզ համար անընդունելի է։ Անվանափոխությունների հարցը սկսվել է շատ վաղուց, և մենք այդ օրակարգը պարզապես շարունակում ենք՝ նաև այն տրամաբանության մեջ, որի մասին խոսել ենք մինչև ընտրությունները», - ասաց Խաժակյանը։