Դիլիջանում ավարտվեց հայ-վրացական երիտասարդ երաժիշտների փառատոնը

Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական տունը ամռան վերջին ամսվա վերջին տասնօրյակում հյուրընկալել էր հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և երաժիշտ կատարողների, ովքեր այդ ժամանակահատվածում համագործակցելով միմյանց հետ՝ հնարավորություն ստացան նաև հանդես գալ առանձին համերգով հայ-վրացական երիտասարդ երաժիշտների փառատոնի շրջանակներում և հիացրին հայաստանցիներին իրենց համատեղ կատարումներով:

Երկու երկրների երիտասարդ երաժիշտներին՝ Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների և երաժշտական այլ բարձրագույն կրթական հաստատությունների սաներին համատեղ հյուրընկալելու նպատակն այսպես էր մեր զրույցի ժամանակ ներկայացնում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը․ - «Շատ հետաքրքիր է, որ վերականգնվում է Դիլիջանի անցյալը,: Անցյալ ասելով մենք պետք է միշտ նայենք ապագային: Այս փառատոնը շատ հետաքրքիր է նրանով, որ իրար մերվում են, իրար հետ նվագում են: Ես կարծում եմ, որ պարբերական կլինի՝ եթե լինի քաղաքական ցանկություն»:

Հայտնի է, որ դեռ խորհրդային տարիներին Դիլիջանի սաղարթախիտ անտառների տարածքում կառուցված Կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանգստացել և ստեղծագործել են ոչ միայն այն ժամանակվա տարբեր ազգությունների ամենահայտնի երաժիշտները, այլև արվեստի ու մշակույթի այլ նշանավոր ներկայացուցիչներ:

Իսկ հիմա ահա մեր օրերում ապրող ու ստեղծագործող երիտասարդ երաժիշտներին է հնարավորություն տրվում նոր շունչ հաղորդել ստեղծագործական տանը, որի Բեթհովենի անունը կրող համերգասարհում էլ տեղի ունեցավ փառատոնի գալա համերգը:

Համերգին ներկա էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ հայ-վրացական հատկապես մշակութային փոխհարաբերությունները լինեն շատ բարձր մակարդակի վրա: Ինչու երիտասարդների՞ ճամբար: Հասկանալի է արդեն: Որովհետև նրանք են, որ պետք է ապագայի կամուրջները կապեն, նրանք են, որ պետք է ստեղծեն հայ-վրացական նոր փոխհարաբերություններ: Իսկ բոլորիս հայտնի է, որ արվեստի ճանապարհը ամենաուղիղ ճանապարհն է դեպի մարդկանց սրտերը և հոգիները: Ես կարծում եմ, որ այս տասնօրյան համատեղ ստեղծագործական ճամբարը կնպաստնի, որ ոչ միայն նրանք բարեկամանան, այլ նաև ստեղծեն նոր մշակութային ձեռնարկներ, նոր գաղափարներ հղանան: Վստահ եմ, որ և՛ Վրաստանի նախագահը, և՛ ես անպայման պետք է ձեռք մեկնենք այս նոր ստեղծագործական նախաձեռնություններին: Առջևում մենք ունենք հայ-վրացական երիտասարդ կինոգործիչների ֆորում, որը տեղի է ունենալու Գյումրի - Ախալքալաք - Թբիլիսի - Երևան, և թե՛ կինեն, թե՛ երաժշտությունը, թե՛ արվեստի մյուս տեսակները պետք է լինեն մեր երկու ժողովուրդների շփման ամենակարևոր հարթակները», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է իրենց՝ երիտասարդ երաժիշտներին, ապա Վրաստանից ժամանած հյուրերն ասում էին, որ հրաշալի ժամանակ են անցկացրել, լավ ընկերներ ձեռք բերել և պատրաստ են շարունակել ստեղծագործական համագործակցությունն իրենց հայ ընկերների հետ: