Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ընդունում են՝ Ռուսաստանի նկատմամբ վերջերս սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներն արդեն այս տարի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի խոշորագույն առևտրային գործըներ պետության՝ Ռուսաստանի վրա՝ կրճատելով այդ երկրի տնտեսական աճը:
Կենտրոնական բանկի երեկ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցի համաձայն, «2017թ․ Ռուսաստանի տնտեսական աճն ակնկալվում է 1,5 տոկոս՝ նախկինում կանխատեսված 1,6 տոկոսի փոխարեն: ճշգրտումը հիմնականում կապված է ԱՄՆ-ի հետ տնտեսական նոր փոխադարձ պատժամիջոցների կիրառման և, որպես հետևանք՝ ակնկալվող ներդրումների որոշակի կրճատման հետ»:
Թե ռուսաստանյան տնտեսության վիճակը որքանով են կարևորում Հայաստանի իշխանությունները երկրում տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից, ևս մեկ անգամ պարզ դարձավ անցած տարի, երբ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում գրանցվեց 2009 թվականից ի վեր ամենացածր տնտեսական աճը՝ ընդամենը 0,2 տոկոս: Զրոյին մոտ այդ ցուցանիշը կառավարության ներկայացուցիչները բացատրում էին հատկապես Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված վիճակով, որի վրա բացասաբար անդրադարձան 2014 թվականից սահմանված արևմտյան պատժամիջոցները:
Հայաստանի Կենտրոնական բանկը 1994-1998 թթ. ղեկավարած Բագրատ Ասատրյանի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները մյուս տարի ավելի լուրջ ազդեցություն կունենան, ինչն էլ կհարվածի նաև Հայաստանի տնտեսությանը:
«Կարծում եմ՝ բոլորն ունեն անհանգստություն, որ այս պատժամիջոցների արդյունքում մի քանի հատվածներում մենք կհայտնվենք ոչ շահեկան վիճակում: Նախ՝ ներդրումների սպասումները: Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունների այդ սպասումները մեծապես պայմանավորված են Ռուսաստանից ակնկալվող ներդրումներով, ակնհայտ է, որ այս հատվածում բացասական վիճակ է լինելու: Երկրորդ հատվածը կապված է տրասվերտների հետ: Այս մասով, այո, մենք էլի բացասական սպասումներ ունենք»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպը սկսել է դանդաղել: Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը թեև ավելի մեծ է, քան անցած տարվա առաջին վեց ամիսներին արձանագրվածը, սակայն հունվար-մայիսին այդ աճի տեմպն ավելի բարձր էր: Այսպես՝ առաջին հինգ ամիսներին փոխանցվել է 313,3 միլիոն դոլար՝ 17,6 տոկոսով ավելի շատ, քան նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին: Իսկ արդեն առաջին կիսամյակի տվյալներով՝ փոխանցվել է 408,6 միլիոն դոլար, որը 15,5 տոկոսով է ավելի շատ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ:
«Ռուսաստանում իրավիճակի վատացումը, այդ թվում նաև այնտեղ օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումը, որ հենց պատժամիջոցներով է պայմանավորված, հանգեցնելու է, մասնավորապես, շինարարության ոլորտում ներդրումների կրճատմանը: Իսկ մենք գիտենք, որ մեր հայրենակիցների մի զգալի մասն այդ երկրում նեգրավված է հենց շինարարության ոլորտում»,- նկատում է Բագրատ Ասատրյանը:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում հայաստանյան ողջ արտաքին առևտրի 26,2 տոկոսը (737,5 միլիոն դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին: Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցներին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այս ամսվա սկզբին կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի տնտեսության վիճակի վատացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:
«Եթե նայենք, թե արդյո՞ք այս պատժամիջոցները նույնպիսի իրավիճակ կստեղծեն, ինչ ստեղծեցին 2014-15 թվականներին՝ ես չեմ կարծում, որ այդպիսի խորը իրավիճակ կստեղծվի: Բայց, ամեն դեպքում, իհարկե Հայաստանի Հանրապետությունը վնասվելու է դրանից»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր նախարարն ու հավելել․ «Մենք կորցնելու ենք այն պոտենցիալը, որը կարող էինք ունենալ, եթե այդ սանկցիաները չլինեին կամ չխորացվեին, որովհետև Ռուսաստանը մեզ համար խոշորագույն գործընկեր է, ինչպես նաև Իրանը»: