«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարման փուլում է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:
«Ազատության» թղթակիցն այսօր կեսօրից հետո դարձյալ այցելեց հրդեհի բռնկման վայր։ Այնտեղ ծխում էր էթինոլով լի երկաթբետոնե տարաներից մեկը: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյայի խոսքով՝ էթինոլի 4 տարաներից 3-ում կրակը մարվել է, բռնկման փոքր օջախներ են մնացել միայն մեկում: Տարածքում շարունակում են աշխատել փրկարարները։
«Մեկ օրից ավել բարձր ջերմաստիճան է գրանցվել այդ տարողությունների մեջ, էթինոլի դեռևս առանձին, կիսամոխրացած զանգվածը ծխում է, և նոր բռնկումները կանխելու համար դեռևս հովացման աշխատանքներ են տարվում ներսից ու դրսից: Բայց իհարկե կրակի նոր բռնկումներ հնարավոր չեն, քանի որ կողքի՝ նույն նյութը պարունակող գլանատակառը հովացվում էր, որպեսզի այն չբռնկվի, չպայթի»,- ասաց Խանգելդյանը:
Երեկ կեսօրից հետո «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում հրդեհի բռնկումը, Ըստ ԱԻՆ-ի, առաջացել է պայթյունից, որից հետո սկսել է այրվել էթինոլի պահեստարանը: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի դեպքով նշանակվել են փորձաքննություններ, նախապատրասվել են նյութեր, որոնք ուղարկվել են Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քրեական գործ դեռևս հարուցված չէ։ Պատկան կառույցները չեն շտապում խոսել տեղի ունեցածի հնարավոր պատճառների մասին:
«Այս պահին դեռ շուտ է խոսել վարկածների մասին, դրանք կարող են շատ լինել, իհարկե՝ բոլոր տարբերակները, կարծում եմ՝ պատկան մարմինները նկատի կառնեն»,- նշեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը:
Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները երեկ երեկոյան տեղեկացրեցին, որ գործարանի հարակից տարածքներում վերցրել են օդի նմուշներ՝ աղտոտվածության չափը պարզելու համար: Թեև որոշ բաղադրիչներ գերազանցել են թույլատրելի սահմանաչափը, բայց դրանք, ըստ պաշտանական հաղորդագրության, քաղաքացիների առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:
«Նաիրիտ»-ի Քլորոպրենի արտադրության լաբորատորիայի նախկին վարիչ Հրաչիկ Միրզոյանը, սակայն, հակառակն է պնդում։ «Առաջինն անդրադառնանք շմոլ գազին, որն արգելակում է հեմոգլոբինը մեր արյան մեջ և շնչարգելություն է առաջացնում: Սա շնչառական խնդիրներ ունեցողների համար խիստ վտանգավոր է, նաև առողջների համար, իհարկե: Երկրորդը՝ մուրը: Այն իր մեջ կարող է պարունակել բազմակորիզ առոմատիկ միացություններ, որոնք քաղցկեղածին են: Տասնյակ տոննաներով մուր արտանետվեց մթնոլորտ»,- ասաց Հրաչիկ Միրզոյանը:
Քիմիական գործարանի հարևանությամբ՝ Շենգավիթ թաղամասոմ ապրողներն էլ «Ազատության» հետ զրույցում ասում էին՝ իրենք էլ չեն հավատում, որ երեկվա հրդեհն առողջության համար վտանգավոր չէ․ «Հավատ արդեն չեն ներշնչում, բայց ինչ արած: Հետո ծուխն այս կողմ շատ չէր գալիս, ավելի շատ գնում էր Չարբախի կողմը: Բայց ամեն դեպքում վտանգավոր ա»:
Շենգավիթցիներն ասում էին, որ ոչ ոք իրենց չի այցելել՝ բացատրելու, թե անվտանգության ինչ միջոցառումներ ձեռնարկեն․ «Էդ տարածքում կարող էին մի քանի մեքենաներով գալ, բարձրախոսներով բացատրել: Ընտրությունների ժամանակ շատ լավ աշխատում են, թող գային ասենին՝ ժողովուրդ, հրդեհ է, փոքր երեխաներ ունեք, ճնշումով, սրտի պրոբլեմներով հիվանդներ կան, մտեք ներս, կամ եթե հնարավոր է՝ գնացեք քաղաքի մյուս ծայրը»,- ասաց բնակչուհիներից մեկը:
Բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է՝ պետական մարմիններն ավելի արագ պետք է արձագանքեին իրավիճակին: «Սև ծխի և այդ պայթյունի պարագայում արդեն պետք է փորձեին շրջակա մանկապարտեզներից տարհանում անել: Եվ հայտարարությունը պետք է լիներ, որ մարդիկ մտնեին տները և լուսամուտները փակեին»,- ասաց բնապահպանը:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը, սակայն, պնդում է՝ իրենք չեն թերացել․ «Արտակարգ իրավիճակ չի եղել, քանի որ տարաների մեջ ուղղակի վառվել է, բնակչությանը իրազեկելու խնդիր կարծում եմ՝ չի առաջացել»: