«Նաիրիտ» քիմիական գործարանում երեկ բռնկված հրդեհից հետո Երևանի Շենգավիթ, Էրեբունի թաղամասերի վրա թանձր ծուխ էր տարածվել: Այդուհանդերձ, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ բնակիչներին այդ թաղամասերից տարհանելու կարիք չկա:
Փոխնախարարի խոսքով, հրդեհի մասին առաջին իսկ ահազանգից հետո ուսումնասիրել են այրվող լաք Էթինոլ լաք նյութը և պարզել, որ այս հրդեհի ժամանակ որևիցե թունավոր նյութ, որը կարող է ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա չի արտադրվում:
«Կոնկրետ այդ նյութի այրումից վնաս բնակչությանը չի սպասվում», - «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց Սերգեյ Խաչատրյանը:
Հրդեհի հետևանքով երեկ հիվանդանոց էր տեղափոխվել երկու հրշեջ: - «Նրանք շատ մոտիկ են գտնվել հենց հրդեհի օջախին, և ըստ երևույթին ածխաթթու գազի շատ բարձր կոնցենտրացիայի պատճառով թունավորման նշաններ էր առաջացել: Դրանից բացի որևիցե մի գանգատ կամ դիմում հիվանդանոց տեղի չի ունեցել», - այս առնչությամբ մանրամասնեց առողջապահության փոխնախարարը:
Հիշեցնենք՝ երեկ կեսօրից հետո «Նաիրիտ» քիմիական գործարանի էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներում հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր էին մեկնել հրշեջներ և ԱԻՆ աշխատակիցներ: Գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Այսօր առավոտյան դրությամբ երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մեկ տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: