Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով ուրախության և հպարտության պահեր պարգևելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաև հայ ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար:

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ Հրաչյա Ռոստոմյանից և Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար:

Հիշեցնենք՝ Փարիզում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքով Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ և, հավաքելով 28 միավոր՝ թիմային հաշվարկով գրավեց 6-րդ տեղը: