Սարի թաղի գործով վկայություն տվող ոստիկանների ցուցմունքները տարբերվում են նախաքննականից

Սարի թաղի իրադարձությունների գործով հերթական դատական նիստը, 28-օգոստոսի, 2017 թ․

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016 թվականի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո կալանված 10 մասնակիցներից 4-ի՝ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսայանի և Էդուարդ Զեյթունցյանի գործով դատավարությունը:

Այսօրվա նիստի ընթացքում դատարանը հարցաքննեց գործում ներգրավված վկաներից երեքին: Բոլորն էլ ոստիկաններ՝ ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյան, Էդգար Կարապետյան և Ռազմիկ Խառատյան: Ալեքսանյանի և Կարապետյանի հարցաքննության ժամանակ էլ այսօրվա և նախաքննական ցուցմունքների միջև հակասություններ նկատվեցին: Երկու ոստիկաններն էլ հիմնականում նշում էին, թե չեն հիշում դեպքի մանրամասները և ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ մեղադրող դատախազի հարցերին պատասխանելիս ասում էին, թե ժամանակ է անցել ու մանրամասները մոռացել են: Մինչդեռ՝ խոսք բավական կարևոր մանրամասների մասին է:

Հովհաննես Ալեքսանյանն ասաց, թե չի ճանաչում ամբաստանյալներից ոչ մեկին, նշեց, որ 2016 թվականի հուլիսի 19-ի դեպքերի ժամանակ վերջիններիս չի տեսել, դեմքերը չի հիշում: Ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանին ուղղված՝ պաշտպանական կողմի հարցին՝ արդյո՞ք ոստիկանները բռնություններ են կիրառել Սարի թաղի բնակիչների նկատմամբ, ոստիկանը պատասխանեց, թե բռնություն չի եղել, սակայն ինքը «լսել է հայհոյանքներ բնակիչների կողմից»: Բայց ով է հայհոյել, ում է հայհոյել և երբ է հայհոյել, նա այդ հարցերի պատասխանը չէր կարողանում տալ: Համանման անորոշ պատասխաններ էր տալիս նաև մյուս վկան:

Դատարանում մի ուշագրավ հանգամանք էլ բացահայտվեց՝ ոստիկան Հովհաննես Ալեքսանյանը պնդում էր, որ ինքը ցուցմունք է տվել հենց իրադարձությունների օրը՝ հուլիսի 19-ի երեկոյան: Մինչդեռ նախաքնննական ցուցմունքների հրապարակումից պարզ դարձավ, որ նա իրականում նախաքննական ցուցմունքը տվել է հուլիսի 22-ին: Վկան դատարանում չկարողացավ բացատրել այս հակասությունը:

Ըստ պաշտպանական կողմի, հնարավոր է, որ այսօր դատարանում ցուցմունքներ տված վկաների նախաքննական ցուցմունքներն ուղղորդված են եղել: Փաստաբան Գրիշա Բալասանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վկաներ Ալեքսանյանի և Կարապետյանի ցուցմունքներում 8 տող տառացիորեն կրկնվում են:

Այսօր ցուցմունք տված վերջին վկան՝ Ռազմիկ Խառատյանը դատարանում հայտարարեց՝ որոշ քաղաքացիներ հուլիսի 19-ին փակել էին Սարի թաղի փողոցներից մեկը, քանի որ բողոքում էին ջրի, գազի և էլեկտրաէներգիայի անջատումներից։ Ըստ նրա, սակայն, հնչում էին նաև ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին միանալու կոչեր։

Դատարանում իրավիճակը լարվեց, երբ պաշտպան Գրիշա Բալասանյանը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է հիմնավորել իր այն համոզմունքը, որ բախման մասնակիցների մեջ այդ օրը չեն եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Վկան բորբոքվեց, վիճաբանությանը խառնվեցին նաև ամբաստանյալները։ Գործով ներգրավված մյուս վկաները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին, այն տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։

Հիշեցնենք՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին շրջափակման մեջ հայտնված Սարի թաղում ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո Սարի թաղի 10 բնակիչներ կալանավորվեցին, վերջիններս արդեն շուրջ մեկ տարի է՝ անազատության մեջ են: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մասնակցելու և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում կալանված սարիթաղցիներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: