«Երկիր Ծիրանին» քաղաքապետարանի անգործության դեմ պայքարելու մեխանիզմ է մշակել

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ Սոնա Աղեկյանը (ձ) և Մարինա Խաչատրյանը:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր հայտարարեցին, թե սեպտեմբերից էլ հավատարիմ կմնան Զարուհի Փոստանջյանի` Տարոն Մարգարյանի կյանքը «դժոխքի վերածելու» խոստմանը։

Խմբակցության անդամներն այսօր իրենց աշխատանքի երկու ամիսներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասացին, թե քաղաքապետարանի անգործության դեմ պայքարելու մեխանիզմ են մշակել։

«Մենք ամբողջ թիմով միացել ենք տիկին Փոստանջյանի՝ Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու խոստմանը, և դա այդպես է լինելու: Մեր քայլերի մասին, բնականաբար, չենք կարող այսօր բարձրաձայնել, դուք դա մեր աշխատանքի ընթացքում կտեսնեք առաջիկա ամիներին», - ասաց խմբակցության քարտուղար Մարինա Խաչատրյանը:

Խաչատրյանի կարծիքով, քաղաքապետարանը գումար է վատնում ոչ միայն մայրաքաղաքի մաքրությունն ու կանաչապատումը կազմակերպելիս, այլև տրանսպորտային համակարգում նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար։ Խաչատրյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությանը խորհրդատվության համար հսկայական գումար վճարելու փոխարեն, մասնագետներ կարելի էր գտնել հենց Հայաստանում․ - «Կարող եմ վստահաբար ասել, որ այդ փաստաթուղթը իրենից որևէ արժեք չի ներկայացնում: Եվ այդ իրենից արժեք չներկայացնող փաստաթղթի համար մենք՝ երևանցիներս, մեր գրպանից, մեր քաղաքային բյուջեից առանց այդ էլ սուղ վիճակում վճարում ենք շուրջ մեկ միլիոն դոլար գումար»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների խոսքով` իրենք շարունակում են դատական հայցեր պատրաստել ինչպես քաղաքապետարանի, այն գերատեսչությունների դեմ, որոնք թերանում են իրենց աշխատանքում։

Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի փոխանցմամբ՝ թաղապետարաններում իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատակիցների մեծ մասը գործ անելու փոխարեն հայկական կամ հնդկական սերիալներ է դիտում․ - «Սա փաստում է այն մասին, որ նրանք թերանում են իրենց աշխատանքի մեջ, և ընդամենը մեր բյուջեից այդ մեկ միլիոն դոլարը, որ ամսեկան մենք վճարում ենք նրանց, ուղղակի նվիրատվություն ենք կատարում ոմանց»:

Խմբակցության անդամների խոսքով՝ թեև իրենց դեմ չեն բոլշևիկ գործիչների անուններ կրող փողոցներն ու տարբեր հաստատությունները վերանվանելու «Ելք» խմբակցության նախաձեռնության ու ազգանպաստ այլ նախաձեռնություններին, սակայն «Ելք»-ի հետ համագործակցությունը աշխատանքային նոր փուլում ևս բացառում են։

«Կարող եք նույն հարցը տալ՝ ինչո՞ւ մենք չենք համագործակցում, օրինակ, «Բարգավաճ» կամ «Օրինաց երկիր», չգիտեմ ինչպես են կոչվում հիմա, այդ կուսակցությունների հետ: Եթե դու իրական ընդդիմադիր ես, դու չես կարող այլ՝ ոչ իրական ուժերի հետ համագործակցել: Դա ցույց է տալիս նրանց աշխատանքը, դա ցույց է տալիս նրանց վարքը», - փաստարկեց Մարինա Խաչատրյանը:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները համագործակցության եզրեր չեն գտնում նաև իրենց խմբակցության կազմում ընդգրկված երկու տղամարդկանց հետ։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հունիսին հայտարարել էր, որ կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելու համար խմբակցությունը անվստահություն է հայտնել իր երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին:

Սոնա Աղեկյանի պնդմամբ՝ Պետրոսյանն ու Պարակշիևը որպես անկախ անդամներ նիստերին չեն կարող մասնակցել, հետևաբար պետք է հեռացվեն ավագանու կազմից․ - «Երևանի ավագանին անկախ լինել չի կարող: Այս ամենը կարգավորվում է օրենքով, և այս մասին արդեն ավելորդ է խոսել, որովհետև մեր խմբակցությունը, ինչպես նաև կուսակցությունը ինքնամաքրման փուլեր է անցնում, և այն, ինչը որ անցյալում է, և նրանց, ովքեր անցյալում են, այլևս խնդրում եմ չանդրադառնալ»:

Հայկ Պետրոսյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե չեն պատրաստվում մանդատից հրաժարվել ու շարունակելու են նիստերին մասնակցել: Ավելին՝ աջակցելու են խմբակցության անդամներին․ - «Այդ գործելաոճը մեր համար ընդունելի չի՝ վերցնել մանդատը, հետո հրաժարվել: Ուստի մենք շարունակելու ենք աշխատել: Եվ ավելին՝ ինչպես մինչ այսօր նշել էինք, մենք աշխատելու ենք նույն ծրագրի շրջանակներում: Այսինքն, անկախ նրանից, թե իրենք մեր հասցեին ինչեր են հնչեցնում, եթե իրենց գործունեությունը ծավալվի այն ծրագրի շրջանակներում, որի մասին մենք խոսում էինք քարոզարշավի ժամանակ, ապա մենք իրենց իհարկե ամեն ինչով օգնելու ենք»: