«Խնդիր է դրված Բաբայանին ձերբակալել, դատել», - այսօր դատարանի դահլիճում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը ես չեմ կատարել, սա մեկ, երկրորդը՝ այն, ինչ-որ ներկայացվում է, դա ենթադրությունների տեքստ է՝ ստանդարտ։ Խնդիր է դրված, պարոն Բաբայանին ձերբակալել, դատել։ Մեղադրականը, որ ես ստացել եմ, ահագին բաներ սուտ է», - դատավորի հարցին ի պատասխան, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված երկու մեղադրանքները, հայտարարեց Բաբայանը՝ կրկին ընդգծելով. - «Ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»։
Ավելի քան 5 ամիս անազատության մեջ գտնվող Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: