Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նաև Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետն էր, պնդում է, որ Վրաստանի իշխանությունները իրեն մեղադրում են Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Օգոստոսի 26-ին Սաակաշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ Վրաստանի իշխանությունները «Ուկրաինայի պաշտոնյաների հետ լիակատար համագործակցությամբ» պատրաստվում են մոտ ապագայում իրեն նման մեղադրանք ներկայացնել:
«Նրանք խոստացել են [Ուկրաինայի նախագահ Պետրո]Պորոշենկոյին, որ մեղադրանքները կներկայացվեն մինչև սեպտեմբերի 10-ը», - գրել է նա:
Սաակաշվիլիի խոսքով, այդ մեղադրանքների ներկայացումը «իրավական հիմք կստեղծի», որը թույլ կտա ուկրաինական իշխանություններին ձերբակալել իրեն: Նա հավելել է, որ մեղադրանքները ծիծաղելի են և քաղաքական բնույթ են կրում:
Ավելի վաղ՝ նույն օրը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան ևս կարծիք էր հայտնել, որ Սաակաշվիլիի դեմ կարող է գործ հարուցվել հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով:
2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության: