Հայաստանը պատրաստ է միանալ Սիրիայում Մոսկվայի նախաձեռնած կոալիցիային․ ՌԴ Գլխավոր շտաբ

Ռուս զինվորականները պարեկություն են իրականացնում Հալեպի փողոցներում

Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:

«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է», - ռուսաստանյան պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 25-ին ասել է Նովիկովը՝ Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ:

Այս տարվա ապրիլին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի փոխդեսպան Վլադիմիր Սաֆրոնկովը հանդես էր եկել առաջարկությամբ՝ միջազգային կոալիցիա ստեղծել Սիրիայում ականազերծման աշխատանքների համար:

«Ազատությունը» հարցումներ է ուղարկել Հայաստանի նախագահի աշխատակազմ ու պաշտպանության նախարարություն՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել: Պաշտպանության նախարարությունից ժամանակ են խնդրել պատասխանելու համար, նշելով, թե՝ «լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա»: