Վաշինգտոնը հորդորում է Բաքվին անհապաղ ազատ արձակել «Թուրան» գործակալության տնօրենին

Մեհման Ալիևի, արխիվ

ԱՄՆ պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության առնչությամբ ։

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում միակ անկախ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի ձերբակալությամբ։ Մտահոգիչ է նաև «Թուրան»-ի նկատմամբ կիրառված սահմանափակումները, մասնավորապես՝ հաշիվների սառեցումը, ինչպես նաև մտահոգիչ է հարկերից խուսափելու մեղադրանքը», - հայտնում է Պետդեպարտամենտը՝ շարունակելով․ - «Ադրբեջանի իշխանությունների՝ մամուլի ազատությունը սահմանափակելու այս գործելաոճը տրամաբանական շարունակությունն է իշխանությունների՝ մայիսին կայացրած որոշման, որի համաձայն անկախ լրատվական կայքերի թվում արգելափակվեց նաև «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի կայքէջը»։

Պետդեպարտամենտը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիևին։

Մեհման Ալիևը օգոստոսի 25-ին 3 ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Իրավապահները պնդում են, որ լրատվական գործակալությունը պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 հազար դոլար: Գործակալության տնօրենի փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, և այժմ սպասում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում այդ հարցով դատական նիստ կհրավիրվի։