Մանվել Սարգսյան․ «Հոգլանդի խոսքն ուղերձ էր բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին»

Մանվել Սարգսյանը «Ազատության» տաղավարում, 25-ը օգոստոսի, 2017 թ․

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, հանգամանքը, որ ԼՂ խնդրի կարգավորման տարրերի մասին հրապարակային հայտարարություն է անում պաշտոնից հեռացող դիվանագետը՝ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ամենևին չի թուլացնում նրա հայտարարության ազդեցությունը:

Քաղաքագետի խոսքով, Հոգլանդի հրապարակած սկզբունքներն ուղենշային են լինելու նաև իր հաջորդի համար․ վերջինս նույնպես, ստանձնելով համանախագահի պաշտոնը, առաջնորդվելու է կարգավորման նույն չափանիշներով, ինչով առաջնորդվում էր Հոգլանդը:

«Չգիտեմ, թե ինչու են ասել, որ Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմի համար վտանգ չի պարունակում»,- «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանմանը, ասաց Մանվել Սարգսյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով Հոգլանդի հայտարարությունը պատահական չէր:

Հանգամանքը, որ այդ հայտարարությունը հնչեց Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման օրը, «իհարկե, որոշակի ինտրիգ մտցրեց», սակայն, Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, առավել էական է այն, որ ամերիկացի միջնորդն իր հայտարարությամբ ուղերձ էր հղում անխտիր բոլոր շահագրգիռ կողմերին ու միջնորդներին, այդ թվում Ռուսաստանին:

«Շատ էական է, որ ըստ Հոգլանդի հայտարարության, կարգավորմանը պետք է համաձայն լինեն անխտիր բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում, առաջին հերթին՝ Ռուսաստանը»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Մանվել Սարգսյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում