«ԼՂ շրջակա տարածքների հարցը ցավագին է ընդունվում, բայց առանց այն քննարկելու, խաղաղություն չի լինի»․ Քաղաքագետ

Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատության» տաղավարում, 25-ը օգոստոսի, 2017 թ․

«Ռիչարդ Հոգլանդի հրապարակած փաստաթղթում, մասնավորապես, բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների հարցը, որը շատ ցավագին է ընդունվում Հայաստանում: Սակայն պետք է հասկանանք, որ հակամարտության որևէ կառուցողական լուծում գտնելու առումով այդ հարցն առանցքային է»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նման դիտարկում արեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, մեկնաբանելով Մինսկի Խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ երկու օր առաջ հրապարակած փաստաթուղթը, որում, ըստ միջնորդի, ներկայացված են ԼՂ խնդրի կարգավորման հիմնական տարրերը:

Քաղաքագետի խոսքով, կարգավորման այս և մի շարք այլ նրբերանգների մասին տեղեկատվությունը բացակայում է, և այդ ֆոնին հանգամանքը, որ բանակցություններին չի մասնակցում ղարաբաղյան կողմը, իր հերթին թուլացնում է հայկական կողմերի բանակցային դիրքերը:

«Մյուս կողմից՝ Սոչիում տեղի ունեցած [Սարգսյան-Պուտին] հանդիպմանը, կամ առաջիկայում Նյու Յորքում կայանալիք [Նալբանդյան-Մամեդյարով] հանդիպմանը քննարկվել և քննարկվելու է հետևյալ երկընտրանքը՝ ինչպե՞ս պահպանել խաղաղությունը, միաժամանակ՝ հավասարակշռություն ապահովելով Բաքվի և Երևանի միջև»,- ասաց քաղաքագետն ու շարունակեց․ «Իհարկե՝ փորձ է արվում պատժել նրանց, ովքեր խախտում են հրադադարը, սակայն, դա իրականացնելու հստակ մեծանիզմ չկա»:

Ռիչարդ Կիրակոսյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում