Վերջին շաբաթներին Ադրբեջանի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրենը 3 ամսով կալանավորվեց: Մեհման Ալիևին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Իրավապահները պնդում են, որ լրատվական գործակալությունը պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 հազար դոլար: Գործակալության տնօրենի փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, և այժմ սպասում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում այդ հարցով դատական նիստ կհրավիրվի։
Ավելի վաղ Մեհման Ալիևը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել էր, որ ընթացող նախաքննության պատճառով գործակալության բանկային հաշիվները սառեցվել են: Այսօր էլ «Թուրանի» անձնակազմը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակում ստիպված է սեպտեմբերի 1-ից դադարեցնել կամ սահմանափակել լրատվական կազմակերպության գործունեությունը: «Թուրանի» անձնակազմը նաև հայտարարում է, որ լրատվամիջոցին ուղղված մեղադրանքները շինծու են՝ դրանք համարելով «Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ ընդհանուր արշավի մաս»։
1990 թվականից գործող «Թուրան» գործակալությունը Ադրբեջանի հատուկենտ անկախ լրատվամիջոցներից է: Թերևս եզակիներից, որը շարունակում է քննադատել իշխող վարչակազմին: Հիշեցնենք՝ վերջին մի քանի տարիների ընթացքում «ֆինանսական խնդիրների պատճառով» փակվեց «Զերկալո» անկախ թերթը, բռնի միջոցների գործադրմամբ՝ փակվեց նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակը: Վերջին ընդդիմադիր թերթը՝ «Ազադլիգը» իր գործունեությունը դադարեցրեց անցյալ տարվա սեպտեմբերին:
Թերթի ղեկավարությունն ու անձնակազմը ստիպված հեռացավ երկրից, ֆինանսական տնօրենը, սակայն, բանտում է․ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Երբեմնի առաջատար լրատվական կայքերն Ադրբեջանում ևս արգելափակված են: Տասնյակ լրագրողներ էլ շարունակում են մնալ ճաղերի ետևում: Հիշեցնենք՝ Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այսօր հերթական դատապարտող հայտարարություններն են տարածել՝ քննադատելով Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, ընդգծելով, որ «Թուրանը» Ադրբեջանում գործող միակ անկախ լրատվական գործակալությունն է, պաշտոնական Բաքվին կոչ է արել «դադարեցնել լրատվամիջոցի աշխատակիցների դեմ հարձակումները»: Human Rights Watch-ն էլ Ալիևի վարչակազմին կոչ է արել չմիջամտել գործակալության աշխատանքին:
«Իշխանությունները սաստկացնում են «Թուրանի» նկատմամբ ճնշումները, որովհետև չեն կարողացել ստիպել՝ համագործակցել»- իր հերթին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Յոհան Բիրը: «Բաքու՝ 1937 թվականը 80 տարի անց» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով «Թուրանի» դեմ քրեական հետապնդումներին, ադրբեջանցի ռեժիսոր և հրապարակախոս Ալի Իսա Ջաբարովը գրել է. ««Թուրանի» լրագրողները պետության հանդեպ հավատը կորցրած մեր հայրենակիցների վերջին հույսն էին, դիմում էին «Թուրանին» որպեսզի գրեն իրենց խնդիրների մասին, մտածելով՝ միգուցե վերևներում կարդան և խղճան»:
Ջաբարովը հիշեցնում է նաև երկրի մեծահարուստ փոխվարչապետի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունը: «Մեհմանին մեղադրում են ինչ-որ երեսունյոթ հազար մանաթի չափով հարկերից խուսափելու մեջ, այն դեպքում, երբ փոխվարչապետ Ալի Հասանովի թոռան մեքենաների հավաքածուն երեք միլիոն դոլար արժե: Նրա թոռն ընդամենը 2 ամսվա ազատազրկման է դատապարտվել ավտովթարի համար, իսկ պապիկը շարունակում է պաշտոնավարել, միայն հոնքն է փոքր-ինչ սպիտակել»,- հեգնում է հրապարակախոսը: