ՆԱՏՕ-ն Մոսկվայից թափանցիկություն է պահանջում «Զապադ 2017» զորախաղերի հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մոսկվային կոչ է արել հարգել միջազգային պարտավորությունները և բացարձակ թափանցիկ լինել հաջորդ ամիս Բելառուսում և Ռուսաստանի արևմտյան շրջանում անցկացվելիք զորավարժությունների հարցում:

«Մենք ուշադրությամբ հետևելու ենք այդ զորավարժություններին», - այսօր Վարշավայում Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի հետ հանդիպման ավարտին ասել է Ստոլտենբերգը:

Նրա հայտարարությունը վերաբերվում է «Զապադ 2017» կոդային անվամբ զորավարժություններին, որոնք Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերն անցկացնելու են սեպտեմբերի 14-ից 20-ը:

«Բոլոր երկրներն ունեն զորախաղերի իրավունք, բայց նաև պետք է հարգեն ստանձնած պարտավորությունները և թափանցիկ գործեն»,- ասել է Ստոլտենբերգը:

Այսօր ավելի ուշ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպելու է Կալինինգրադից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օրժիշ բնակավայրում տեղակայված ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների զինծառայողներին:

Բալթյան ծովի ափին գտնվող Կալինինգրադի մարզը Ռուսաստանի Դաշնությունից անջատված է Լեհաստանի և Լիտվայի տարածքով:

Ի պատասխան Ղրիմի բռնակցման և Ռուսաստանի ակտիվ վերազինման ու ագրեսիվ կեցվածքի՝ ՆԱՏՕ-ն Լեհաստանում և Բալթյան երեք երկրներում տեղակայել է բազմազգ ուժեր, որոնք կոչված են պաշտպանել դաշինքի արևելյան շրջանը:

Ստոլտենբերգը երեկ ասել է, որ Ռուսաստանը տարբեր մեթոդներով փորձում է նվազագույնի հասցնել ՆԱՏՕ-ի դիտորների ներկայությունը «Զապադ 2017» զորավարժություններին:

ԵԱՀԿ-ի պահանջով, որն անվանում են «Վիեննայի փաստաթուղթ», պետությունները պարտավոր են նախապես զգուշացնել ավելի քան 13 հազար զինծառայողների մասնակցություն ենթադրող զորավարժությունների մասին և ապահովել դիտորդների ներկայությունը:

Բելառուսը պնդում է, որ զորավարժություններին մասնակցելու է 12 հազար 700 զինծառայող, մինչդեռ, ՆԱՏՕ-ի փորձագետների համոզմամբ, իրական թիվն ավելի մեծ կլինի:

Ստոլտենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ն իր զորավարժություններին մշտապես հրավիրում է Ռուսաստանի ներկայացուցիչներին, բայց ռուսական կողմը «սառը պատերազմի» ավարտից հետո երբեք զորավարժություններին չի հրավիրում ՆԱՏՕ-ի դիտորդներին»:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը երեկ ասել է, որ «ագրեսիայի որևէ վտանգ չկա, քանի որ «Զապադ 2017»-ը սովորական զորավարժություններ են»:

Մինչդեռ, Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի համոզմամբ, այդ զորավարժություններին կարող է մասնակցել ոչ թե 12 հազար 700, այլ 100 հազար զինծառայող: