Ստոլտենբերգ. Ռուսաստանը փորձում է տարբեր հնարքներով նվազեցնել ՆԱՏՕ-ի դիտորդների քանակը «Զապադ 2017»-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանը ու Բելառուսը չեն պահպանել միջազգային պարտավորությունների կատարման թափանցիկությունը՝ Բելառուսում մյուս ամիս սպասվող համատեղ զորավարժությունների կապակցությամբ։

«Ասոշիեյթիդ Փրես»-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը փորձում է տարբեր հնարքներ օգտագործել՝ հնարավորինս նվազեցնելու ՆԱՏՕ-ի դիտորդների քանակը նշված զորավարժություններին։

Համատեղ ռուս-բելառուսական զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն վեց օր: «Զապադ 2017»-ին մասնակցելու է շուրջ 12 հազար զինծառայող։ Զորավարժությունները ծավալվելու են միաժամանակ թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի տարածքներում: Միայն Բելառուսի տարածքում զորավարժություններին կմասնակցի 7 հազար բելառուսցի և ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինծառայող: Ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններում ներգրավված է լինելու նաև 680 միավոր զրահատեխնիկա: