Նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանը փախստականների նկատմամբ դրական տրամադրված եզակի պետություններից է. «Գելափ»

Տեսարան Երևանից

Հայաստանը նախկին Խորհրդային միության տարածքում փախստականների նկատմամբ դրական տրամադրված եզակի պետություններից մեկն է. համենայնդեպս, դա է փաստում «Գելափի» վերջին ուսումնասիրությունը:

Հեղինակավոր կազմակերպության փորձագետները մի քանի հարց են տվել աշխարհի 138 երկրներում ապրող մարդկանց, օրինակ՝ «լավ է արդյո՞ք, որ ձեր կողքին ներգաղթյալներ են ապրում», կամ «ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ նրանցից մեկը կարող է ձեր հարազատի հետ ամուսնանալ»: Ըստ այդմ, 138 երկրների շարքում ներգաղթյալների նկատմամբ ամենաանբարեհաճ վերաբերմունքն արձանագրվել է ԱՊՀ տարածքում:

Ռուսաստանն, օրինակ, հնարավոր 9 միավորից հավաքել է 2.6, ինչն աշխարհում արձանագրված միջին ցուցանիշից քիչ է մոտ երկու անգամ:

Այս շարքում բացառություն են միայն Հայաստանն ու Թուրքմենստանը, որոնք փախստականների նկատմամբ դրական տրամադրվածությամբ գերազանցում են ոչ միայն նախկին Խորհրդային միության երկրներին, այլև եվրոպական մի շարք պետություններին:

Ուսումնասիրությունը պարզել է, որ միգրանտների վերջին հոսքի հետ անմիջականորեն առնչվող մի շարք եվրոպական երկրներ ամենևին էլ պատրաստ չեն նրանց տեսնել իրենց հարևանի կամ հնարավոր բարեկամի դերում:

Միգրանտների նկատմամբ աշխարհի ամենանբարյացակամ երկրների ցուցակը գլխավորում են Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Հունգարիան, Սերբիան և Իսրայելը: Տասնյակում են նաև Սլովակիան և Չեխիան, որոնք դեմ են գնում պաշտոնական Բրյուսելին՝ հրաժարվելով իրենց դռները բացել Մերձավոր Արևելքից եկած փախստականների առջև: Մյուս կողմից, հետազոտությունը վկայում է, որ փախստականների նկատմամբ դրական վերաբերմունքն ամենևին էլ կախված չէ երկրի տնտեսական վիճակից ու ապահովվածությունից:

Միգրանտներին գրկաբաց ընդունող տասը երկրների շարքում են, մասնավորապես, մոլորակի ամենաաղքատ պետությունները՝ Ռուանդան, Սիերա Լեոնեն, Նիգերիան ու Մալին:

Ընդհանուր առմամբ, փախստականների նկատմամբ ամենաբարյացակամ երկիրը աշխարհում Իսլանդիան է, որին հետևում են Ավստրալիան, Շվեդիան ու Իռլանդիան:

Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ ներգաղթյալների նկատմամբ առավել բարյացակամ տրամադրվածների շարքում որպես կանոն, մեծ թիվ են կազմում երիտասարդները, բարձրագույն կրթություն ունեցողներն ու քաղաքների բնակիչները: Այս առումով, սակայն, առանձնանում են ԱՊՀ երկրները, որտեղ, բացառությամբ Հայաստանի ու Թուրքմենստանի, միգրանտներին ընդունելի պատրաստակամությունը այսպես թե այնպես ցածր է՝ անկախ հարցվողների կրթությունից, տարիքից, եկամուտներից ու բնակության վայրից: