ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ավարտում է աշխատանքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավարտում է աշխատանքը՝ զիջելով այդ պաշտոնը արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին: Այս մասին Հոգլանդը հայտարարել է նախօրեին՝ «Ամերիկայի ձայնի» հայկական և ադրբեջանական ծառայությունների լրագրողների հետ հանդիպմանը:

Հոգլանդը նաև լրագրողներին է ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ, ինչպես ասված է փաստաթղթի գլխագրում` շարադրված են «Վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից) որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»:

Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի թարգմանությունը.

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է պարտավորվածություն ստանձնեն որոշելու վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի:

Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում:

Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որևէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը, և ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:

Պետք է լինի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ:

Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր:

Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որևէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը:

Ժամանակն է, որպեսզի կողմերը պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչև այժմ կատարված աշխատանքի վրա»: