Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը միանգամայն տեղին է համարում Հայաստանի բնակավայրերում բոլշևիկյան գործիչների անուններ կրող փողոցներն ու տարբեր հաստատությունները վերանվանելու՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությունը:
«Ազատության» հետ զրույցում Թուխիկյանը նկատեց՝ նրանք, ովքեր շատ կտրուկ ընդդիմանում են այդ նախաձեռնությանը, հիմնականում ներկայացնելով «շատ թույլ փաստարկներ», ըստ էության ինքնալյուստրացիա են անում՝ իրենք էլ դա չգիտակցելով:
«Եթե այդպես ագրեսիվ կերպով դեմ են արտահայտվում այս նախաձեռնությանը, իրենք, կարելի է ասել, բացահայտվում են: Գուցե ավելի լավ կլիներ, որ մի քիչ ավելի զուսպ վերաբերմունք դրսևորեն այս նախաձեռնության հանդեպ»,- «Ազատության» տաղավարում ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:
Նրա խոսքով՝ պնդումները, թե հիմա, երբ կան բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ, դրանով զբաղվելու ժամանակը չէ, միանգամայն անհիմն են՝ այս քայլով որևէ այլ գործ կամ ծրագիր «չի ստվերվում», քանի որև «մենք կյանքում ամեն ինչ անում ենք զուգահեռաբար»: «Իմ կարծիքով, այս հարցն անպայման պետք է քննարկվի և քննարկվի համակարգված ձևով: Կան մարդիկ, որոնք շատ բաներով կաշկանդված են, առաջին հերթին մտածողությամբ: Իրենք մեղք չունեն, իրենք քարոզչության զոհ են, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Բայց որոշներն արդեն այդ զոհի կարգավիճակից դուրս են գալիս այլ ինֆորմացիա ստանալով և չվախենալով դրանից»,- ասաց Նարինե Թուխիկյանը:
Փաստարկներին էլ, թե վերանվանումներով փորձ է արվում չառերեսվել պատմության հետ, Թուխիկյանը հակադարձեց՝ այս համատեքստում ամնևին տեղին չէ բոլշևիկյան գործիչներին հայոց զորավարների, թագավորների, այլ ազգային պետական գործիչների հետ համեմատելը: «Վերջիններս հայոց պետականություն կերտած ազգային գործիչներ են եղել, մինչդեռ, հայ բոլշևիկները հինգերորդ շարասյուն էին Հայաստանում, ներկայացնելով այլ՝ երկրորդ, երրորդ կողմերի շահեր»,- ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը: