Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մի շարք երկրներից դիտորդներ է հրավիրել եկող ամիս կայանալիք ռուս-բելառուսական համատեղ «Запад-2017» զորավարժությունները դիտարկելու համար:
«Յոթ երկրից՝ Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Շվեդիայից և Նորվեգիայից դիտորդներ են հրավիրվել այդ իրադարձությանը»,- նշված է Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Զորավարժությունները անցկացվելու են սեպտեմբերի 14-ից 20-ը, Բելառուսի տարածքում: Դրանց մասնակցելու են 12 հազար 700 զինծառայողներ: Ըստ միջազգային պայմանագրերի՝ 13 հազար և ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների դիտարկումը պարտադիր է:
Լիտվայի պաշտպանության նախարարը հունիսին մտահոգություն էր հայտնել երկրի սահմանների մերձակայքում ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման կապակցությամբ, համարելով, որ այն կարող է օգտագործվել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին Ռուսաստանի ագրեսիվ ռազմական ներկայությունը քողարկելու համար: Ռայմոնդաս Կարոբլիսի տեղեկություններով՝ հնարավոր է, որ զորավարժություններին մասնակցեն ոչ թե 12700, այլ 100 հազար զինծառայող Ռուսաստանից:
«Запад-2017» զորավարժությունները դիտարկելու համար ՆԱՏՕ-ից երկու դիտորդ է մեկնելու: Այս մասին Բրյուսելից հաղորդում է «Ազատության» թղթակիցը: