Անատոլի Անտոնովը նշանակվել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան

Անատոլի Անտոնով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հրամանագրով՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովը նշանակվել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան՝ փոխարինելով Սերգեյ Կիսլյակին։ Սեպտեմբերի 1-ից Անտոնովը կստանձնի պաշտոնը։

Անտոնովը հայտնի է Արևմուտքի հետ հարաբերություններում իր կոշտ դիրքորոշմամբ։

Նա 30 տարուց ավելի աշխատել է Ռուսաստանի արտգործնախարարությունում, ավարտել է Միջազգային հարաբերությունների մոսկովյան համալսարանը։ Համարվում է սպառազինության հարցերով մեծ փորձառություն ունեցող դիվանագետ։

Անտոնովը 2016-ին շուրջ մեկ տարի Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն էր, այնուհետև նորից վերադարձել էր արտգործնախարարություն։

Դեռևս անցած աշնանը Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում Անտոնովը համարվում էր Միացյալ Նահանգներում նոր դեսպանի ամենահավանական թեկնածուն։

«Կոմերսանտի» տվյալներով՝ նրան դեսպան նշանակելու մասին որոշումը Կրեմլը կայացրել է անցած աշուն՝ մինչև Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները, քանի որ վստահ էր, որ այդ ընտրություններում հաղթելու է Հիլարի Քլինթոնը։

«Կրեմլի համար անսպասելի հաղթանակից հետո Մոսկվան մի քանի ամիս սպասեց, սակայն որոշումը չփոխեց», - գրում է «Կոմերսանտ»՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ Մոսկվան շարունակելու է իր կոշտ գիծը հատկապես նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո։