Սահմանամերձ Սարիգյուղի դպրոցի խարխուլ շենքի վերանորոգման համար միջոցներ չեն հատկացվում

Սարիգյուղի դպրոցի միջանցքը

Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի միջնակարգ դպրոցի շենքը թեև իր բնական դիրքով պաշտպանված է ադրբեջանական կողմի կրակոցներից, բայց կառույցն այնքան խարխուլ է, որ առաջին հայացքից թվում է, թե բազմիցս գնդակոծությունների է ենթարկվել: Դպրոցի երկարամյա ուսուցչուհի Գայանե Միրզոյանն ասում է՝ տասնամյակներ շարունակ ջրահեռացման համակարգ չեն ունեցել, ու անձրևաջրերը քայքայել են շենքի հիմքն ու պատերը։

Վերջերս ջրահեռացման համակարգը նորոգվել է, սակայն դպրոցի գրեթե լիովին քայքայված շենքը «խելքի բերելու» համար անհրաժեշտ միջոցներ չկան: Ըստ 200 աշակերտ ունեցող այս դպրոցի նորանշանակ տնօրեն Լուիզա Ռևազյանի, իրենց հաշվարկներով մոտ 120 միլիոն դրամ է հարկավոր՝ եռահարկ շենքը վերանորոգելու համար:

Սարիգյուղի դպրոցին օգնելու համար անցած ամիս Հայաստան էին եկել 30 սփյուռքահայ կամավորներ՝ հիմնականում Ֆրանսիայից: Նրանք երեք շաբաթ ապրել են Սարիգյուղում, այդ ընթացքում «կոսմետիկ վերանորոգում» իրականացնելով 1975 թվականին կառուցված շենքի՝ տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքում: Սարիգյուղցիներն իրենց տներում են հյուրընկալել սփյուռքահայ կամավորներին, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն ու Հայ բարեգործական ընդհանուր միությունն էլ նրանց ապահովել են շինարարական նյութերով:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ ամեն տարի հրատապ ծրագրերի ցանկում կառավարությանն են ներկայացնում Սարիգյուղի դպրոցի վերանորոգման հարցը, սակայն, գործադիրն իր ծրագրերում այն «երբեք չի ներառում»։