Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991 թվականին ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։

Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով [սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով]: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։