Շիրակի մարզում հացահատիկի բերքը մոտ 40 տոկոսով պակասել է

Շիրակի մարզում այս տարի հացահատիկի բերքի ծավալի զգալի անկում է արձանագրվել, Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի գնահատմամբ՝ բերքը պակասել է մոտ 40 տոկոսով:

Մարզում գյուղատնտեսական տարին բավական անբարենպաստ էր: Դեռ գարնան էր պարզ դարձել, որ խստաշունչ ձմեռն աշնանացան ցորենի ցանքսերին զգալի վնաս է հասցրել: Խիստ ձմռանն էլ հաջորդեց երաշտը, որի հետևանքով բերքը կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի պակասեց: Մովսես Մանուկյանի գնահատմամբ՝ 2017-ը մարզում գյուատնտեսության համար ամենավատ տարիներից մեկն է:

«Քանի որ նախորդ տարի մենք աշնանը բավական լուրջ ցրտահարություններ ունեցանք, մեր ակնկալիքը, ցավոք սրտի, չեղավ: Գարնանացանի վրա էլ ավելի շատ երաշտն ազդեց»,- ասաց Մանուկյանը: Երաշտը հատկապես զգացվել է անջրդի ցանքատարածություններում: Գյուղացիներն ասում են, որ մեկ հեկտարից ընդամենը 200-300 կգ բերք են հավաքել, «անգամ ցանածի չափով դուրս չի գալիս»: Ավելին՝ երաշտը ոչ միայն անջրդի, այլև ջրովի ցանքատարածությունների բերքատվության վրա է ազդել:

Շիրակը համարվում է հանրապետության համար հացահատիկ ապահովող հիմնական մարզը: Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջանների ջրովի հողատարածքներում մշտապես բարձր բերք է ստացվել: Մանուկյանը, սակայն, ասում է, որ այս տարի նույնիսկ այդ տարածքներում է երաշտն իրեն զգացնել տվել: «Նախորդ տարվա համեմատությամբ այդ տարածքներում ևս բերքը պակաս է ստացվել»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան, հետևյալ համեմատությունն անելով՝ եթե նախորդ տարի միջին հաշվով մեկ հետարից ստանում էին 25 ցենտներ հացահատիկ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է մոտ 15 ցենտներ, այսինքն՝ նվազել է 40 տոկոսով:

Մարզից սպասվող հացահատիկի բերքի ցուցանիշի վրա չէր կարող չազդել նաև այն, որ այս տարի հացահատիկի ցանքատարածություները շուրջ 6 հազար հեկտարով կրճատվել են: Մինչդեռ՝ 6 հազար հեկտարից ստացվում էր մոտավորապես այնքան բերք, որքան ընդհանուր առմամբ ստանում են Վայոց Ձորի մարզում: Թե կոնկրետ Շիրակի մարզում որքան հացահատիկ կամբարեն, այդ ցուցանիշը պարզ կդառնա առաջիկա օրերին: