Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բնակիչների միջև վեճուկռիվների հիմնական պատճառը ջուրն է։ Այստեղ գրեթե ամեն օր են այդ վեճերը: Մարդիկ ասում են, որ խնդիրը նոր չէ. մոտ 20 տարի է ոռոգման ու խմելու ջրի պակաս ունեն։ «Գարնանն անձրևներից օգտվում ենք, ջրում ենք, հետո ջուր չի լինում, 30 տարի ա սենց ա», «Թող մեզանից փող հավաքեն, մեր ուժերով ջրենք, բայց ով ա մեզ լսողը»,- դժգոհում են գյուղացիները:
Նրանք ասում են, թե յուրաքանչյուր նոր ղեկավարի հետ նոր խոստումներ են լսում այն մասին, թե ջրամատակարարումը կարգավորվելու է, «ասում են՝ հես ա կանենք», բայց չեն անում: Խոշորացված Շինուհայրի ղեկավար Մուրադ Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե խնդիրը լուծելու կոնկրետ ծրագիր դեռ չունեն: Սիմոնյանի խոսքով՝ Շինուհայր և Հալիձոր գյուղերի ջրի խնդիրը լուծելու համար մեծ գումար է անհրաժեշտ։ «Մի միլիոն դոլարի պատմություն չի, սա մեծ գործ ա: Առայժմ նասոսով մղումը կատարվում ա: Հարցը կառավարությունով պիտի լուծվի, որովհետև մեծ գործ ա, մեծ գումարի հետ ա կապված»,- ասում է գյուղապետը:
Գյուղացիները դժգոհում են՝ հողի աշխատանքն օգուտ չի տալիս, եղած աշխատատեղերն էլ քիչ են։ Ասում են՝ խորհրդային տարիներին Սյունիքում չկար մեկը, ով տեղի Պոլիմերային կոշկեղենի գործարանի արտադրանքից չօգտվեր։ Ժամանակին այնտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատել, մինչդեռ այսօր գործարանում միայն բուրդ են վերամշակում՝ ընդամենը 10 հոգով։
Շինուհայրն այժմ Տաթև համայնքի մաս է կազմում։ 2015-ին այն միավորվեց հարևան յոթ գյուղերի հետ։ Թեև խոշորացումից հետո հենց Շինուհայրը դարձավ Սյունիքի միավորված գյուղերի կենտրոնը, սակայն, գյուղացիների խոսքով՝ դրանից իրենց հոգսերը չեն թեթևացել․ «Նախ միավորելիս մեզնից ոչ մի բան չեն հարցրել»: Այդուհանդերձ, Շինուհայրցիք վստահեցնում են, որ հարևան գյուղերի համեմատ, իրենց մոտ արտագաղթը քիչ է։ Եթե արտերկիր են մեկնում, ապա որոշ ժամանակ աշխատելուց հետո անպայման վերադառնում են։
Your browser doesn’t support HTML5