Իսպանիան հայտարարում է երկրում լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին

Իսպանիայի, Կատալոնիայի, Բարսելոնայի ղեկավարները՝ Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդի (ձախից 4-րդը) գլխավորությամբ, մեկ րոպե լռությամբ հարգում են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը, Բարսելոնա, 18-ը օգոստոսի, 2017թ․

Բարսելոնայում առնվազն 14 մարդու կյանք խլած հարձակումից հետո Իսպանիան հայտարարում է երկրում լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին:

Երեկ Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 14 մարդ մահացել է, ավելի քան 130-ը՝ վնասվածքներ ստացել։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում: Ըստ կատալոնական իշխանությունների՝ զոհերի և վիրավորների թվում 24 երկրների բնակիչներ են, այդ թվում՝ երեխաներ, Ֆրանսիայից և Գերմանիայից մինչև Պակիստան, Ֆիլիպիններ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ Բարսելոնայի ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան:

Մինչ հատուկ ծառայությունները փորձում են գտնել բեռնատարի վարորդին, որը, լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը հաղորդում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 մարդու է սպանել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում և հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Ըստ իսպանական ոստիկանության՝ Բարսելոնայի հարձակումից հետո դեպքի վայրից փախուստի դիմած բեռնատարի վարորդը նույնպես կարող էր սպանված լինել Կամբրիլսում: Վարորդի ինքնությունը առայժմ չի հաստատվում. պաշտոնական վարկածի համաձայն Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումների միջև կապ կա:

Այս երկու հարձակումների հետ է կապվում նաև Բարսելոնայից ոչ հեռու բնակավայրի տներից մեկում պայթյունը, որի հետևանքով մեկ մարդ է մահացել: Ոստիկանության աղբյուրների վկայությամբ՝ այդ տան բնակիչները պայթուցիկներ էին պատրաստում:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն ընդհանուր առմամբ հինգ ահաբեկիչ սպանվել է, ևս չորս հոգի՝ երեքը ծագումով Մարոկոյից, մեկը Իսպանիայից՝ ձերբակալվել են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը (ԻՊ)։ Ահաբեկչական խմբավորումը իր Amaq լրատվական գործակալության միջոցով հաղորդել է, թե Բարսելոնայի հարձակման հեղինակները իր «զինվորներն» են և «գործողությունը իրականացրել են ի պատասխան կոալիցիայի պետությունները թիրախավորելու կոչերի»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որը պայքարում է խմբավորման դեմ: Եվրամիության անդամ Իսպանիան «Իսլամական պետության» դեմ պայքարում ցամաքային գործողություններին չի մասնակցել, սակայն մի քանի հարյուր զինվորական էր ուղարկել Իրաք՝ ջիհադիստների դեմ մարտնչող տեղական ուժերին նախապատրաստելու համար:

Եթե «Իսլամական պետության» հայտարարությունը հաստատվի, ապա Բարսելոնայի միջադեպը կդառնա վերջին 13 ամիսներին եվրոպական քաղաքներում բեռնատարի կիրառմամբ իրականացված բազմաթիվ հարձակումներից մեկը, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 100 մարդու կյանք են խլել:

Բարսելոնայի հարձակումը Իսպանիայի համար ամենաարյունալին էր 2004 թվականի մարտից ի վեր, երբ իսլամիստ զինյալների կողմից Մադրիդում գնացքի պայթեցման հետևանքով 191 մարդ մահացել, ավելի քան 1800-ը վնասվածքներ էին ստացել:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եռօրյա սուգ է հայտարարել տեղի ունեցածի կապակցությամբ՝ հայտարարելով, որ երկիրը ցնցված է այդ հանցագործությունից: Նրա խոսքով, իշխանությունները կանեն ամեն ինչ՝ մեղավորներին հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչապետ Ռախոյը, երկրի թագավոր Ֆիլիպ 6-րդը և Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլոս Պուչդեմոնտը Բարսելոնայի կենտրոնական հրապարակում հազարավոր մարդկանց հետ այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը, որից հետո վանկարկել՝ «մենք չենք վախենում»:

Տասնյակ մարդկանց կյանք խլած արյունալի հարձակումը Բարսելոնայում տեղի է ունեցել զբոսաշրջային սեզոնի ամենաակտիվ շրջանում, իսկ կատալոնական մայրաքաղաքը համարվում է Եվրոպայի ամենահայտնի ուղղություններից մեկը. տարեկան Բարսելոնա է այցելում առնվազն 11 միլիոն մարդ: