ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մանրամասնելով՝ հարցի շուրջ քննարկումներ են նախատեսված նաև սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ:
«Մենք մեր կողմից անում ենք ամեն բան՝ իրավիճակը կայունացնելու, բանակցային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:
Ավելի վաղ՝ հուլիսին, համանախագահները Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ նրանց փոխանցելով նախագահների մակարդակով բանակցությունները շարունակելու առաջարկը: