Հարձակում Բարսելոնայում․ ոստիկանությունը հաստատում է՝ 1 զոհ, 32 վիրավոր

Առնվազն մեկ մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել Բարսելոնայի մարդաշատ փողոցներից մեկում բեռնատար մեքենայով իրականացված հարձակումից հետո, հայտարարել է Կատալոնական ոստիկանությունը: Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հաղորդել էին երկու, երեք և անգամ 13 զոհերի մասին, սակայն իշխանությունները այս տեղետվությունը չեն հաստատում:

Հարձակումը տեղի է ունեցել Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է: Բեռնատարը միտումնավոր մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ոստիկանությունը տեղի ունեցածը քննում է որպես ահաբեկչական հարձակում:

Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո երկու զինված անձ ներխուժել են La Boqueria շուկայի մոտ գտնվող ռեստորան: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք վրաերթի կազմակերպիչը կապ ունի ռեստորան ներխուժած զինյալների հետ: