Բարսելոնայում զոհերի թիվն ավելանում է

Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնում բեռնատարի կատարած վրաերթի հետևանքով զոհերի թիվն աճում է: Reuters գործակալությունը, հղում տալով տեղական լրատվամիջոցներին և ոստիկանական աղբյուրներին, հաղորդում է 13 զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին:

Կատալոնական ոստիկանությունը նաև հաղորդում է, որ տեղի ունեցածը քննվում է որպես ահաբեկչական հարձակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարսելոնայի կենտրոնում՝ Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, մի բեռնատար մեքենա միտումնավոր մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Ոստիկանությունը հաստատել էր առնվազն երկու զոհերի և մեծ թվով վիրավորների մասին:

Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո երկու զինված անձ ներխուժել են La Boqueria շուկայի մոտ գտնվող ռեստորան: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք վրաերթի կազմակերպիչը կապ ունի ռեստորան ներխուժած զինյալների հետ: