Փհենյանին չպետք է միջուկային հարված հասցնելու հնարավորություն տրվի․ ԱՄՆ գեներալ

ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ

Հյուսիսկորեական ճգնաժամի ռազմական լուծումը սարսափելի կլինի, բայց անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ Փհենյանին կտրվի Միացյալ Նահանգներին միջուկային հարված հասցնելու հնարավորություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Գեներալը տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «բանակին կարգադրել է մշակել հուսալի և կենսունակ ռազմական տարբերակներ, և հիմա ամերիկյան զինված ուժերը հենց դրա վրա են աշխատում»:

«Իմ երևակայությունից վեր է պատկերացնել, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին կարող է հնարավորություն տրվել՝ միջուկային հարված հասցնել, օրինակ, Կոլորադոյի նահանգանիստ Դենվերին: Ուստի՝ իմ պարտքն է մշակել ռազմական տարբերակներ և երաշխավորել, որ նման բան չլինի»,- նաև ասել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Ամերիկացի ամենաբարձրաստիճան զինվորականը չի բացառել Հյուսիսային Կորեայի հետ խաղաղության հաստատումը, միաժամանակ զգուշացնելով՝ եթե պաշտոնական Փհենյանը չփոխի իր ներկայիս մարտավարությունը, Վաշինգտոնը կարձագանքի «շատ հուսալի և կենսունակ ռազմական գործողություններով:

Դանֆորդն այս մասին խոսել է Պեկինում՝ Հյուսիսայի Կորեայի դաշնակից և թիվ մեկ առևտրային գործընկեր Չինաստանի իշխանությունների հետ բանակցություններից հետո: Նախօրեին Պեկինը Վաշինգտոնին հորդորել էր հետաձգել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինստորաբաժանումների՝ առաջիկա երկուշաբթի օրը նախատեսված համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են ամեն տարի՝ տասնյակ հազարավոր զինվորների մասնակցությամբ: Փհենյանն այս վարժանքները դիտարկում է որպես պատերազմի նախապատրաստություն և նախկինում դրանց արձագանքել է հրթիռների արձակմամբ ու այլ քայլերով: «Արատավոր այս մրցավազքը պետք է դարդարեցնել»,- այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունը:

«Ներկայումս ամենակարևոր խնդիրն է՝ կանգնեցնել Հյուսիսայի Կորեայի միջուկային ծրագրի իրականացումը, թույլ չտալ, որ Փհենյանը միջուկային զենք ստանա: Շատ կարևոր է նաև մեղմել Կորեական թերակղզում ստեղծված լարված իրավիճակը, որը սրվել է ակն ընդ ական սզբունքով: Մենք պետք է կանգնեցնենք այս արատավոր շրջափուլը, մոռանալով, թե ով է առաջինը սկսել, ով ինչպես է մյուսին արձագանքել: պետք է մի կողմ դնել տարաձայնություններն ու հիմնական ուշադրությունը կենտրոնացնել երկխոսություն սկսելու ուղղությամբ»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Չնայած Չինաստանի այս հորդորներին, Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի առաջնորդն այսօր Պեկինում ասել է, որ վարժանքները հետաձգելու հարց առայժմ չի քննարկվում: «Ես խորհուրդ կտայի մեր ղեկավարությանը ետ չկանգնել այդ զորավարություններից, դրանք շատ կարևոր են մարտունակության ու պաշտպանական կարողությունների ամրապնդման համար: Քանի դեռ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքն առկա է, մենք պետք է մարտական պատրասության մեջ պահենք մեր ուժերը»,-ասել Ջոզեֆ Դանֆորդը:

Պաշտոնական Սեուլը համակարծիք է նրա հետ՝ հարևան, բռնապետական վարչակազմը շուտով կարող է անցնել թույլատրելիի սահմանը: «Միջազգային հանրությունը պետք է էլ ավելի խստացնի դիրքորոշումը՝ Փհենյանի կողմից նոր սադրիչ գործողությունները կանխելու համար»,- այսօր հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինը: Հյուսիսից ամենօրյա սպառնալիքի տակ գտնվող երկրի ղեկավարը միաժամանակ ընդգծել է՝ առանց իրենց համաձայնության որևէ երկիր չի կարող ռազմական գործողություններ սկսել, այդ թվում՝ Միացյալ Նահանգները:

«Միացյալ Նահանգները, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ լիովին կհամագործակցեն մեզ հետ և կստանան մեր համաձայնությունը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ որևէ ռազմական քայլ նախաձեռնելուց առաջ: Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համակարծիք են հետևյալ հարցերում՝ մենք պետք է կանգնեցնենք Հյուսիսային Կորեայի նորանոր սադրիչ գործողությունները խիստ պատժամիջոցներ սահմանելու միջոցով և պետք է երկխոսության մղենք այդ երկիրը՝ միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով:

Անցած ամիս Փհենյանը հայտարարեց, թե երկու անգամ միջմայրցամաքային հրթիռների հաջողված արձակումներ է իրականացրել, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը աշխարհի աենառազմականացված գոտիներից մեկը համարվող Կորեական թերակղզում: Շաբաթներ առաջ էլ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով երկրի հետախուզությանը, գրել էին, թե Փհենյանն արդեն միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք ի զորու են վնասել ԱՄՆ-ին: