Ուլյուկաևը, հիշեցնեմ, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին դաշնային նախարարն է, ում ձերբակալել են: Նրան մեղադրում են «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, նախագահ Պուտինի ամենամտերիմ թիմակից Իգոր Սեչինից երկու միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, ռուսաստանցիների 49 տոկոսը համարում է, որ Ուլյուկաևի ձերբակալությունը, նրա գործով դատավարությունը ցուցադրական ակցիա է: Մինչդեռ նույն ռուսաստանցիների 57 տոկոսը հավատում է, որ Ալեքսեյ Ուլյուկաևը մեղավոր է։
Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալել են անցած տարի նոյեմբերի 15-ին «Ռոսնեֆտի» մոսկովյան գրասենյակում, ուր, մեղադրող կողմի պնդմամբ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը եկել էր երկու միլիոն դոլարի կաշառքը ստանալու համար։ «Ռոսնեֆտի» ղեկավարը այս գումարը Ուլյուկաևին փոխանցել է անձամբ, որպեսզի վերջինս չխոչընդոտի «Բաշնեֆտ» նավթային ընկերության վաճառքին:
Ուլյուկաևն իր մեղքը չի ընդունում և ասում է, որ սա սադրանք է, որը կազմակերպել և իրականացրել է Իգոր Սեչինը։
Երեկ Մոսկվայի Զամոսկովորեցկի դատարանը սկսել է այս գործով լսումները: Դատավարության հաջորդ նիստը պետք է կայանա սեպտեմբերի 1-ին:
Ռուսաստանցի փորձագետները նույնիսկ խոսում են ռուսական էլիտայի լուրջ պառակտման մասին։ Նրանց կարծիքով, Ուլյուկաևի գործը չափազանց հետաքրքիր է ոչ այնքան այն պատճառով, որ խոսքը կառավարության առանցքային նախարարի մասին է, այլ ավելի շատ նրա համար, որ մեղադրող կողմի հիմնական վկան, «Ֆորբս» ամսագրի տվյալներով, 2009 թվականից ի վեր Ռուսաստանում իր ազդեցությամբ երկրորդ մարդն է:
Մեծ աղմուկ է բարձրացրել Ուլյուկաևի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղավոր չէ, և որ իր ձերբակալությունը Սեչինի սադրանքն էր։
Ցայսօր Ռուսաստանում միայն երկու մարդ էր իրեն թույլ տալիս հրապարակավ քննադատել Սեչինին՝ Կադիրովն ու Մեդվեդևը: Իգոր Սեչինի ազդեցությունն այնքան մեծ է, որ ոչ ոք չի կարողանում հրապարակավ հակաճառել նրան։
«Ինչ-որ մեկը Ուլյուկաևի այս խիզախության հետևում կանգած է», - գրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ ենթադրելով, որ այդ մարդը կարող է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը լինել:
Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի օրոք Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևի կարծիքով, բախվել են այնպիսի բարձր դիրք ունեցող մարդիկ, այն էլ՝ դատարանում, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ում մասնակցությամբ կլինի հաջորդ բախումը․ - «Առանցքային նախարարը կաշառք է պահանջում երկրի առանցքային մարդկանցից մեկից՝ դաշնային ընկերություններից մեկի ղեկավարից: Հաջորդ քայլն այս տրամաբանությամբ պետք է լինի, որ վարչապետը նախագահից կաշառք պահանջի»:
Պետդումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Սեմագոյի կարծիքով, Ուլյուկաևին պատերազմ հայտարարելով՝ Սեչինն իրականում ուզում է լուրջ վնաս հասցնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևին․ - «Սա ավելի շուտ հարված էր ոչ թե Ուլյուկաևին, այլ Մեդվեդևի շրջապատին: Բոլորին հայտնի է, որ Իգոր Սեչինը մի քանի անգամ Պուտինին բողոքել է Մեդվեդևից՝ պնդելով, որ վերջինս իր տեղում չէ»: