Կոսովոն չի կարողանում կառավարություն կազմել

Կոսովոյի խորհրդարանը, Պրիշտինա, 10-ը օգոստոսի, 2017թ.

Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Զահիտ Տանինն ասել է, որ ընտրություններից ավելի քան երկու ամիս անց կառավարություն կազմելու խորհրդարանի անկարողության հետևանքով երկիրը վատնում է տնտեսական և սոցիալական կարևոր հնարավորություններ:

Կոսովոյում հունիսի 11-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանը հինգերորդ անգամ չի կարողացել խոսնակ ընտրել, ինչը պետք է լիներ առաջին քայլը նոր կառավարություն կազմելու ուղղությամբ: Այժմ չի բացառվում, որ Կոսովոն վերստին հայտնվի ճգնաժամի մեջ և ստիպված ևս մեկ անգամ անցկացնի արտահերթ ընտրություններ:

Կոսովոյի դեմոկրատական կուսակցության դաշինքը, որի մաս է կազմում «Միություն հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցությունը, հունիսի 11-ի ընտրություններում շահել է խորհրդարանի մանդատների 35 տոկոսը:

Նախագահ Հաշիմ Թաչին ասել է, որ կառավարություն կազմելու պաշտոնական առաջարկ կտա այդ դաշինքի ղեկավար Ռամուշ Հարադինային: Մինչդեռ, վերլուծաբանները նշում են, որ Հարադինայի համար դժվար կլինի 120-տեղանոց խորհրդարանում ապահովել առնվազն 61 ձայն կառավարություն կազմելու համար:

Նախագահը կարող է քաղաքական որևէ կուսակցության ներկայացնել կառավարություն կազմելու առաջարկ միայն այն դեպքում, եթե խորհրդարանն արդեն ընտրել է խոսնակին և նրա տեղակալներին: