Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնել հաջորդ ամիս

Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինա հաջորդ ամիս:

Նախագահ Պետրո Պորոշենկոն, հիշեցնենք, զրկել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից: Իշխանությունները հայտարարել են, որ եթե նա փորձի մտնել Ուկրաինա, անձնագիրը կբռնագրավվի:

Ըստ հաղորդագրության՝ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ էր ներկայացրել: Մասնավորապես, նա չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը Սաակաշվիլին կապում է Պորոշենկոյի վերջերս Վրաստան կատարած այցի հետ, հայտարարելով, թե Ուկրաինայի նախագահը Վրաստան էր այցելել ոչ թե երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու, այլ հերթական պայմանավորվածությունների համար, ինչն այս անգամ ձեռք բերվեց երկու օլիգարխիկ ռեժիմների միջև՝ ուկրաինացի Պորոշենկոյի և «Գազպրոմ»-ի մասնավոր բաժնետեր, ռուսամետ Բիձինա Իվանիշվիլիի միջև: