Շարժական գազալցակայանները «վտանգավոր գործունեություն» են իրականացնում Սևանի կենտրոնում

Սևան քաղաքի կենտրոնում գազի բալոններով բեռնված մեքենաները հարակից շենքերի բնակիների համար վտանգավոր գործունեություն են իրականացնում՝ գազով լիցքավորելով այլ մեքենաներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից պնդում են՝ մի քանի անգամ զգուշացրել ու անգամ տուգանել են նրանց:

«Վնասը անկանխատեսելի է, կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել [պայթյունը], փլուզումներ կարող են լինել, հրդեհներ կարող են առաջանալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Սևանում այսպիսի երեք կետ կա, երեքն էլ պատկանում են Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանի ըտնտանիքին: «Ազատության» հետ զրույցում գյուղապետն ասաց՝ օրինական գործունեություն են իրականացնում: Ինչ վերաբերում է անվտանգության նորմերը չպահպանելու, բնակելի շենքերին շատ մոտ գործունեություն իրականացնելու համար ԱԻՆ-ի սահմանած տուգանքին` ասաց այն վիճարկում են դատարանում:

«Օրենքով չափանիշներ չկա, որ ինչ մետրի վրա իրավունք ունես տեղադրել գազալցակայանը: Այդպիսի չափանիշներ չկան», - պնդեց Վահրամ Գևորգյանը: - «Մենք գրանցված ենք, օրենքի սահմաններում հարկերը վճարում ենք, մեր գործունեությունը կատարում ենք: Մեր ապահովության համար մենք ունենք բալոնների բոլոր չափանիշները», - հավելեց Ծովագյուղի գործարար գյուղապետը:

Վահրամ Գևորգյանն ասաց՝ աշխատատեղ ենք բացել ու փորձում ենք պիտանի լինել մարդկանց: Այդ բիզնեսը բնակելի շենքերին շատ մոտ են տեղակայել, որովհետև, ըստ Գևորգյան, նախկինում այդ տեղերում բենզալցակայան է եղել, օրենքը դա չի արգելել: Հավելեց՝ ԱԻՆ-ից այդպես էլ իրենց չեն բացատրել, թե ո՞ր օրենքի ո՞ր կետն են խախտել:

ԱԻՆ ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանն «Ազատության»-ը այս առնչությամբ ասաց, թե բազմիցս զգուշացրել ու բացատրել են, որ գործունեությունն իրականացվում է Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի խախտմամբ, անգամ տուգանել են 1 մլն դրամ:

«Իրենք սուտ են ասում, որ բոլոր թույլտվությունները ունեն», - նշեց պաշտոնյան: - «Իրենք, առաջին հերթին, պետք է օրենքով սահմանված կարգով անցնեն փորձաքննություն, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ և գրանցվեն որպես արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում», - հավելեց Հայրապետյանը:

ԱԻՆ պաշտոնյան ասում է՝ 1997 թվականին կառավարության որոշում կար՝ շարժական լցակայանների անվտանգ շահագործման կարգի վերաբերյալ, ինչն ուժը կորցրած ճանաչվեց 2015-ին: Պնդեց՝ արդեն երկու տարի է, դաշտն անորոշ վիճակում է ու դրանից օգտվում են իր բնորոշմամբ՝ «հրդեհավտանգ ռումբերով» բիզնես իրականացնողները: Այստեղ, ըստ ԱԻՆ ներկայացուցչի, իրենց մեղքի բաժինն ունեն նաև ՏԻՄ-երը, ովքեր նրանց այսօրինակ բիզնես իրականացնելու վաճառքի թույտվություն են տալիս` անտեսելով անվտանգությունը:

«Այստեղ կան նորմեր, որոնք պահպանված չեն: Առնվազն` բնակավայրերում չի կարելի տեղադրել, և նույնիսկ, ենթադրենք, եթե նույնիսկ կարելի է, այստեղ արդեն պարզ երևում է, որ պահպանված չեն հակահրդեհային միջտարածությունները», - մանրամասնեց Սերգեյ Հայրապետյանը, շարունակելով` այդ շրջիկ մեքենաների վրա բեռնված բալոնները պետք է պաշտաճ զննություն անցնեն:

Որպեսզի այսպիսի դեպքերում ԱԻՆ-ը չսահմանափակվի միայն տուգանքներով և ՏԻՄ-երին դիմելով, ու երբեմն էլ անպատասխան մնալով, օրենսդրակիան նախաձեռնութմաբ դիմել են կառավարություն` շարժական գազալցկայանների շահագործման համար նոր կարգ սահմանելու առաջարկով:

Իսկ գազի բալոններով բենռված նշված 2 կայաններից առաջինը Սևան քաղաքում նկարահանելու ընթացքում մեզ շուրջ 40 րոպե սպասեցրին, որ օրինականության մասին փաստող թղթերը ցուց տան: Ի վերջո թղթերը չբերեցին, հետո էլ սկսեցին համոզել որ տեսախցիկն անջատենք:

Երկրորդ կայանում չհասցրեցինք անգամ մոտենալ աշխատակցին, վերջինս հարձակվեց «Ազատության» մեքենայի վրա՝ բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցնելով և վնասելով այն: Լցակայանի սեփականատերն ասաց, որ նրան աշխատանքից ազատել են: Ոստիկանությունում էլ նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցածի կապակցությամբ: