«Վեոլիա ջուրը» խուսափում է արձագանքել ջրի թանկացման մասին հարցերին

Ընկերության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե առայժմ զերծ կմնան հարցերին պատասխանելուց, մինչդեռ տնտեսագետները անհիմն են որակում խմելու ջրի թանկացման «Վեոլիայի» հայտը:

Խմելու ջրի թանկացման հայտը ներկայացնելուց մեկ շաբաթ անց էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը հրաժարվում է հանրության առջև հանդես գալ, թե ինչքանով են հիմնավորված ջրի թանկացման իր փաստարկները:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, որպես խմելու ջրի թանկացման պատճառ ներկայացված է սպառման ծավալների նվազումը, ինչը ստիպում է ընկերությանը թանկացնել ապրանքը, որովհետև ավելի քիչ ջուր է վաճառվում, մինչդեռ այդ ողջ ենթակառուցվածքը աշխատեցնելու «Վեոլայի» ծախսերը չեն նվազում:

Սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ջրամատակարարումը ոչ միայն չի նվազել, այլև աճել է՝ 1.2 տոկոսով:

«Մեծ հաշվով այստեղ ևս մենք նկատում ենք, որ ջրամատակարարման ոլորտում վեց ամսվա կտրվածքով ևս դրական միտումներ են, այսինքն բոլոր ցուցանիշներով այստեղ աճ է: Հետևաբար առաջին գործոնն էլ խիստ կասկածելի է, որովհետև մենք ոչ միայն պետք է հիմնվենք նրա վրա, ինչ «Վեոլիա ջուրն» է ասում, այլ նրա վրա, ինչ որ պաշտոնական վիճակագրությունն է ասում․ առնվազն պաշտոնական վիճակագրությունը նման դրույթը չի ամրապնդում», - ասաց Մանուկյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 7-ին ստացավ խմելու ջրի թանկացման վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը: Հայաստանի ողջ ջրային համակարգը մինչև 2032 թվականը վարձակալությամբ տնօրինելու իրավունք ստացած ֆրանսիական ընկերությունն առաջարկում է բնակիչների համար 14.3 դրամով թանկացնել խմելու ջուրը, այն հասցնելով 1 խմ-ի դիմաց 194.3 դրամի: 80 աշխատանքային օրերի ընթացքում Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը պետք է քննի և պարզի՝ որքանո՞վ է հիմնավորված թանկացման հայտը, ինչից հետո էլ որոշում կկայացնի:

Անցած տարիներին հանձնաժողովը գրեթե միշտ բավարարել է մենաշնորհ ունեցող (գազ, էլեկտրաէներգիա, ջուր վաճառող) ընկերությունների հայտերը, և եթե բավարարի նաև այս անգամ, ապա, օրինակ, մայրաքաղաքի բնակիչների համար խմելու ջուրն ամենաթանկը կլինի 1991 թվականից ի վեր:

«Վեոլիա ջուր» ընկերությունն ընդամենը կես տարվա ընթացքում երկրորդ անգամ է առաջարկում մայրաքաղաքում բարձրացնել խմելու ջրի սակագինը: Անցած տարվա դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց երևանցիների համար խմելու ջուրը թանկացնել մոտ 10 դրամով՝ 2017-ի հունվարի 1-ից սակագինը դարձնելով 180 դրամ 1 խմ-ի դիմաց:

Այդ ժամանակ Ռոբերտ Նազարյանն ընկերությանը հորդորեց աշխատել այնպես, որ առաջիկա տարիներին խմելու ջուրը վերստին չթանկանա, իսկ դրա համար ընկերությունը պետք է կրճատեր ապօրինի ջրօգտագործողների քանակը:

«Աշխատեք այնպես, որպեսզի սակագների բարձրացում թույլ չտրվի հետագա տարիներին: Իսկ դրա համար թիվ մեկ պայմանը սպառման ծավալների մեծացումն է: Ավելի ստույգ, մասնագիտական լեզվով ասեմ՝ հաշվառման համակարգում դուք ունեք խնդիր․ բոլոր սպառողներին բերել հաշվառման դաշտ, որպեսզի որևէ մեկը ապօրինի ջրասպառող չլինի, ձեր տեսադաշտից դուրս չմնա», - ասել է Նազարյանը:

Արտակ Մանուկյանն այսօր ներկայացրեց ջրի թանկացման «Վեոլիա ջրի» հաջորդ հիմնավորումը՝ էլեկտրաէներգիան է թանկացել: Սակայն, ըստ տնտեսագետի, անգամ «Վեոլիայի» ներկայացրած հայտից է պարզ դառնում, որ ընկերությունը այս տարի ավելի քիչ է վճարում հոսանքի համար, քան անցած տարի: Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին էլեկտրաէներգիայի ծախսերը կազմել են 186 միլիոն դրամ, իսկ 2017-ի փետրվարին՝ 183 միլիոն:

«Եթե ֆիզիկական ծավալներով, այո՚ տեղի է ունեցել ավելի շատ սպառում, բայց քանի որ, մենք 2017 թվականի համար մենք ունեցանք էլեկտրաէներգիայի սակագնի լրագրողների ձևակերպմամբ՝ նվազեցում, այս պարագայում բուն արժեքային արտահայտությամբ, 186 միլիոն դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող ծախսերը դարձել է 183 միլիոն», - նշեց տնտեսագետը:

Եվ վերջապես, «Վեոլիա ջուր» պնդում է, որ պետք է հաշվի առնել շարունակվող գնաճը, սակայն ԱՎԾ տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է ընդամենը 0.5 տոկոս, մինչդեռ «Վեոլիան» առաջարկում է ջուրը թանկացնել մոտ 8 տոկոսով:

Այս առնչությամբ Արտակ Մանուկյանն ասաց․ - «Մտնում ենք Կենտրոնական բանկի սայթը, ԱՎԾ-ի սայթը, և կամայական՝ ուզում եք 6 ամսով, ուզում եք 12․․․ ինչ ժամանակային կայք ուզում եք շրջանառեք, ըստ էության առավելագույնը լինում է 0.9 տոկոս գնաճ»: