Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցը նշում է, որ «Իսլամական պետության» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումներն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում շարունակում են բռնաճնշումները կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ առևանգելով, բռնաբարելով, խոշտանգելով, ստրկացնելով ու սպանելով նրանց:
Օգոստոսի 15-ին ներկայացնելով Կրոնական ազատությունների մասին 2016-ի զեկույցը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ «Իսլամական պետության» խմբավորումները «աներկբա պատասխանատու են ցեղասպանության համար, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործել են եզդիների, քրիստոնյաների և շիա մահմեդականների նկատմամբ»:
Թիլերսոնը ասել է, որ «Իսլամական պետության» խմբավորումները պատասխանատու են նաև մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ զտումների համար, որ գործել են այդ խմբերի, ու նաև որոշ դրվագներով՝ սունի մահմեդականների, քրդերի և այլ փոքրամասնությունների նկատմամբ:
Կրոնական ազատությունների տարեկան զեկույցը նաև փաստում է, որ Ռուսաստանում և 2014-ից անօրինական բռնակցված Ղրիմում «Եհովայի վկաները», «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» անդամները կամ մորմոնները ենթարկվել են բազմաթիվ հարձակումների՝ իրենց դավանանքի պատճառով:
«Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները շարունակում են բանտարկել կամ տուգանել կրոնական փոքրամասնությունների խմբերի և կազմակերպությունների անդամներին՝ մեղադրելով նրանց ծայրահեղականության մեջ», - նշված է Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում:
Զեկույցում նաև ասվում է, որ կառավարությունը տուգանել և արտաքսել է կրոնական ակտիվության մեջ ներգրավված ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիների, մասնավորապես՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» կամավորներին:
Ռուսաստանի գերագույն դատարանը որոշել է, որ «Եհովայի վկաները» ծայրահեղական կազմակերպություն է և արգելել է դրա գործունեությունը երկրի տարածքում:
«Կրոնական ազատությունները Ռուսաստանում պաշտոնապես երաշխավորված են, սակայն օրենսդրությունը ուղղափառ քրիստոնեությունը, մահմեդականությունը, բուդդիզմը և հուդայիզմը ճանաչել է որպես չորս ավանդական կրոններ, իսկ կրոնական փոքրամասնությունները հաճախ ենթարկվում են խտրականության», - նշված է Պետդեպարտամենտի զեկույցում, որը նաև փաստում է, որ չնայած կրոնական ազատությունների երաշխիքներին՝ Ռուսաստանի կառավարությունը շարունակում է առավելություններ շնորհել Ռուս ուղղափառ եկեղեցուն, ինչի հնարավորությունը չունեն մյուս կրոնների ներկայացուցիչները:
Պետդեպարտամենտի զեկույցը նաև քննադատում է Իրանին, մասնավորապես՝ պաշտոնական հայտարարություններում հակասեմիտական և հակաբահայական հռետորաբանություն օգտագործելու և Հոլոքոսթի ժխտումը քաջալերելու համար: