Հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանի մահվան դեպքով

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն նշում է, որ կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:

Ըստ հաղորդագրության, օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ,պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող, 1998 թվականին ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով [սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը], նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննությամբ պարզվել է, որ Ա.Սլոյանը օգոստոսի 13-ին՝ ժամը 09:00-ից, ծառայության վայրն ինքնակամ թողել է և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։