Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն արդեն Երևանում է, հրդեհաշիջումը կսկսի լուսադեմին

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը

Քիչ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փոխգնդապետ Վ. Ռշտունին:

Օդանավի ժամանումից հետո հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում: Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորելու համար:

Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ուղղաթիռով Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը գտնվում է «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ լիցքավորվում է ջրով և նախապատրաստվում առավոտյան թռիչքին, փոխանցում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ դիմել էր Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ Խոսրովի անտառում շաբաթ օրը բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: